Լևոն Զուրաբյանը երեկ ԱԺ-ում մի էքսպերիմենտ արեց. նա փորձեց ներկայանալ որպես «կինոյի մեջի տղա»՝ հաշվի չառնելով, որ ինքը ոչ Առնոլդ Շվարցենեգերի, ոչ Սիլվեստր Ստալոնեի և ոչ էլ Ժան Կլոդ Վան Դամի հետ նույնիսկ հեռավոր նմանություն չունի: Եվ նրա մոտ, իհարկե, չստացվեց: Բայց նա, այնուամենայնիվ, փորձեց, ուղղակի հակահարվածներն անհամաչափ ուժեղ էին, ես կասեի՝ 1-ին 10:
Օրինակ, հայտնի «Կոմանդոս» մարտաֆիլմում հերոսին մարմնավորող Շվարցենեգերը հանում է իր ավտոմատները և գնդակահարում մի ամբողջ գումարտակի կամ վաշտի: Քաղաքականության մեջ, մասնավորապես` մեր ԱԺ-ում, մի փոքր այլ է, հատկապես՝ ՀԱԿ-ի պարագայում: Նրանք, տվյալ դեպքում՝ Զուրաբյանը, փորձում են միայն դիրքավորվել և արձակում են մի քանի կրակոց, որոնք վրիպում են, իսկ որպես պատասխան բոլոր կողմերից գալիս են կրակահերթեր:
Մի կողմից Հերմինե Նաղդալյանն է գնդակոծում գոտկատեղից ներքև՝ նույնիսկ մի պահ անցնելով կոռեկտության սահմանները և վիճարկելով ոտքերի քանակը, մյուս կողմից Մարուքյանն է գնդակոծելով փորձում տուն ուղարկել Զուրաբյանին̀ իր ամբողջ թիմով հանդերձ, մեկ այլ կողմից Փաշինյանն է կրակահերթեր արձակում, որոնցից նույնպես Զուրաբյանը խույս տալ չի կարողանում, այնուհետև ՀՀԿ-ականներն են շարունակում կրակահերթերով նեղել, և վերջում Շարմազանովը նռնականետով հասցնում է ծանրագույն հարվածը: Զուրաբյանը ջախջախված է, բայց ողջ է, որովհետև այս ֆիլմը սովորական մարտաֆիլմ չէ, այլ նաև միստիկ-սարսափ ժանրի մեջ է մտնում: Իսկ միստիկ-սարսափ ֆիլմերից երևի հիշում եք զոմբիներին, որոնց վրա կրակում են, բայց նրանք շարունակում են առաջ շարժվել, որովհետև նրանք արդեն իսկ մահացած էին:
Եթե այս սցենարը փոխաբերական իմաստով փորձենք տեղավորել քաղաքականության մեջ, ապա կստանանք այն պատկերը, որն այսօր ունենք Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես՝ ԱԺ-ում: Իսկ հիմա վերջին՝ նռնականետի հարվածի մասին. չեմ կարող չնկատել, որ Շարմազանովի հիշեցումը ՀԱԿ-ի, մեղմ ասած, ոչ փառավոր անցյալի մասին տեղին էր, քանի որ ՀԱԿ-ն, իսկապես, չի սիրում հիշել իր փոշոտ անցյալը և ժամանակ առ ժամանակ պետք է նրանց հիշեցնել:
Չեմ կարող նաև չհամաձայնվել այն մտքի հետ, որ կառավարման ճգնաժամի այս նախագիծը պարզապես ՀԱԿ-ի կարապի երգն էր: Այո, կարապը սատկելուց առաջ է երգում իր վերջին երգը: Քաղաքականության մեջ դա բառացի պետք չէ հասկանալ, և կարապի վերջին երգը համընկնում է քաղաքական ուժի վախճանի վերջին փուլին: ՀԱԿ-ը հիմա այդ փուլում է:
Կարեն ՎարդանյանOrer.am, վերլուծաբան