Նախօրեյին Լոնդոնում կայացած ՉԼ ⅛ եզրափակչի առաջին հանդիպումը դիտելիս կարծիք է ստեղծվում, որ «Արսենալի» ֆուտբոլիստները դուրս էին եկել խաղադաշտ և հանդիպում էին անցկացնում Սթիվեն Քինգի հայտնի ստեղծագործության` «Լանգոլերները»-ի հետ, հայտնում է Orer.am-ը:
«Մոնակոյի» խաղացողները նմանվում էին սուր ատամներով ինչ-որ տարօրինակ արարածների, որոնք պատրաստ էին ուղղակի արնաքամ անել հակառակորդին: Իսկապես մոնեգասկեցիները իրենց «քանդող» խաղաոճով ազդեցին «զինագործների» խաղային մակարդակի վրա ամենատհաճ ձևով: Գնդակը Բելլերինից գլորվում էր, ինչպես պատից, Գիբբսը կիսապարալիզացված կերպով բախվում էր մրցակցին ու վայր ընկնում, իսկ Օզիլի n-րդ փոխանցումը հանդիպում էր ֆրանսիացիների ոտքերին:
Եվ ահա արդեն Սանչեսի կտրուկ փոխանցումից հետո երկու մետրից վրիպում է ԱՊԼ-ի ամենագեղեցիկ ֆուտբոլիստը, նույն ինքը Սանչեսի գլխի վրայից տանում է օդային երկար փոխանցումը՝ ուղարկելով այն դեպի տրիբունա և էլի նա կորցնում է 200 տոկոսանոց գոլային հնարավորությունը՝ այս անգամ արդեն մրցակցի դարպասապահի սեյվից հետո (իր համար չարաբաստիկ աջ ոտքով հարվածից հետո):
Անցած խաղում Ժիրույին հաջողվեց գոլ հեղինակել նույն իրավիճակում հայտնվելով, սակայն ձախ ոտքով: Մեկնարկային կազմը տեսնելով և հիշելով վերջերս կայացած «Քրիսթալ Պելասի» հետ հանդիպումը՝ «Արսենալի» երկրպագուները երևի անհանգստացան: Սակայն սկզբում ամեն ինչ խոստումնալից էր թվում. մի քանի հեռանկարային գրոհներ, Ուելբեկի լավ համագործակցությունը Ժիրույի հետ, ինչից հետո նրանց խաղը սկսեց խրվել ճահճի մեջ:
Կոկլենն ու Կասորլան, ամեն անգամ հանդիպելով մրցակցի պաշտպանական դասակին, չէին կարողանում գրոհներին սրություն հաղորդել, իսկ Օզիլի և Սանչեսի հազվադեպ արագացումները չէին կարող սպառնալիք հանդիսանալ «Մոնակոյի» պաշտպանության համար:
Ամենածիծաղելին այն է, որ նույնիսկ այս խաղով «Արսենալը» կարող էր հաղթել՝ չնայած Կոնդոգբյայի գոլին: Իսկական արսենալական ոճով բաց թողնված գոլ. գնդակի կորուստ դաշտի կենտրոնում, Գիբբսը համարյա իր դիրքում չէ, նրան փորձում է լրացնել Կոկլենը, Մոուտինյոն գնդակը փոխանցում է Կոնդոգբյային, վերջինիս հարվածը դիպչելով Մերտեզակերին՝ հայտնվում է դարպասում: Իսկ դաշտի տերերի դարպասապահ Օսպինան (այդ դրվագում թերևս նրան կոչենք համայն դարպասապահության արձան) հայացքով ուղեկցում է դեպի դարպասը սավառնող գնդակը:
Եվ իրոք կհաղթեյին լոնդոնցիները, թեկուզ հենց նույն Օզիլի, Գիբբսի, մարզչի կատարած փոփոխությունների շնորհիվ, կամ եթե Ժիրույի հարվածներից մի քանիսը դարպասին ընթանային, Ուելբեկի չիրացրած գոլային պահի մասին ընդհանրապես խոսքեր չկան:
Եկեք այսօր չքննադատենք ոչ Արսեն Վենգերին, ոչ Օզիլին, ոչ մնացածին: Եկեք ուղղակի փաստենք, որ երեկ ուղղակի «Արսենալի» օրը չէր: Ամեն դեպքում դժվար է ասել, թե ինչպես Մոնակոյում կընթանա պատասխան հանդիպումը, սակայն հույս ունենանք, որ, հերթական անգամ ընկնելով, «զինագործներին» կրկին կհաջողվի վեր բարձրանալ:
Աշոտ Մնացականյան