Մարտի 5-ը դառնալու է հին ԲՀԿ-ի «վերջին զանգի» օրը. Սուրեն Սուրենյանց
ПолитикаԱյս օրերին ներքաղաքական հիմնական խոսակցությունները պտտվում են ընդդիմության թափուր տեղերի, նոր բևեռների ձևավորման շուրջ, ինչպես նաև փորձ է արվում 7 տարվա հեռվից գնահատական տալ Մարտի 1-ի ողբերգությանը: Այս իրադարձությունների համատեքստում հետաքրքրական է հետևել ՀԱԿ-ի կողմից հրավիրված մարտի 1-ի հանրահավաքի և մարտի 5-ին տեղի ունենալիք ԲՀԿ արտահերթ համագումարների բովանդակությանը: Խոսելով մարտի 1-ի հանրահավաքի նոր քաղաքական շեշտադրությունների մասին՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն Orer.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ մարտի 1-ի միջացառումը, 2009 թվականից սկսած, ՀԱԿ-ի համար ավանդական է: Սուրենյանցը նշեց, որ այս տարի որոշակի փոփոխություններ կլինեն, որոնք պայմանավորված են վերջին զարգացումներով: Ըստ մեր զրուցակցի՝ սպասվում է ոչ միայն հիշատակի հավաք, այլ նաև ենթադրվում է, որ առաջին նախագահը հանդես կգա ելույթով և կանի քաղաքական որոշակի շեշտադրումներ: «Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ այս հանրահավաքը քաղաքական կյանքում բան կփոխի, որովհետև այսօրվա ՀԱԿ-ն այնքան սահմանափակ քաղաքական և կազմակերպչական ռեսուրսներ ունի, որ ինքնուրույն քաղաքական օրակարգ ձևակերպել չի կարող: Գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը փորձի նոր գաղափարներ նետել հրապարակ, բայց ես չեմ կարծում, որ դրանք էական ազդեցություն կունենան քաղաքական իրավիճակի վրա: Մանավանդ որ ՀԱԿ-ում տակավին միամտաբար սպասում են ԲՀԿ-ի մարտի 5-ի համագումարին: Մի բան ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ձախողվել է և մարտի 1-ին նա փորձելու է արդարանալ՝ շտկումներ մտցնելով իր այդ վերլուծության մեջ»,- նշեց Սուրեն Սուրենյանցը: Քաղաքագետը նաև խոսեց ԲՀԿ համագումարի սպասելիքների և Գագիկ Ծառուկյանի սպասվելիք քաղաքական գործունեությունից: «Այս պահին բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը հեռացել է, որովհետև շատ արագ տեմպերով շարունակվում է ԲՀԿ-ի կազմաքանդումը: Արդեն մենք գիտենք, որ 7 պատգամավոր լքել է խմբակցությունը, և կարծում եմ, որ մինչև մարտի 5-ն իրենց մոտ կմնա նույնքան մարդ, որքան ՀԱԿ կամ «Ժառանգություն» խմբակցություններում: Այսինքն՝ մարտի 5-ը նշանավորվելու է նոր ԲՀԿ-ի ստեղծմամբ, որովհետև այն ԲՀԿ-ն, որը օլիգարխիկ կուսակցություն էր,գոյություն չունի: Ակնհայտ է, որ այնտեղ մնալու են փոքրաթիվ մարդիկ, այն դառնալու է «էլիտար» կուսակցություն՝ սահմանափակ ամբիցիաներով: Դրանից հետո չեմ ուզում կանխատեսել՝ ինչ կլինի, բայց մարտի 5-ը դառնալու է հին ԲՀԿ-ի «վերջին զանգի» օրը, փորձ է արվելու ձևավորել նոր ԲՀԿ, որը շատ ավելի վերահսկելի կլինի իշխանությունների կողմից, քան նախկինը»:
Լևոն Փանոսյան