Դեռ մի քանի օր առաջ Հայաստանի ընդդիմադիրներից, հատկապես՝ արևմտամետներից շատերը կամ ընդհանրապես չգիտեին Բորիս Նեմցովի գոյության մասին, կամ էլ գիտեին, լսել էին, որ նման գործիչ կա, բայց նրա գործունեությանն առանձնապես չէին հետևում:
Բայց հիմա ամեն ինչ փոխվեց. Նեմցովը սպանվեց ու դարձավ «հայ ազգային հերոս»: Սոցիալական ցանցում սկսվեց վերջինիս գովքը, փառաբանությունը, նույնիսկ մրացավազք էր գնում, թե ով ավելի շատ կգովա նախկինում իշխանավոր եղած ռուս արևմտամետ ընդդիմադիրին, ով ավելի շատ «Նեմցով» կլինի: Եվ ինչպես սպասելի էր՝ բոլոր փառաբանությունները ուղեկցվում էին «պարույրհայրիկյանական» ոճի մեղադրանքների հոսքով, որոնք հիմնականում հնչում էին ՌԴ նախագահի հասցեին, «ռուսական բռնապետության» կամ ռուսական «ԿԳԲ»-ի հասցեին: Ընդ որում, մեղադրանքները բավականին կրքոտ էին՝ լի էմոցիայով, էքսպրեսիայով, էմոցիան ու էքսպրեսիան էլ՝ «փսակիանուլանդական» ոճի՝ ԱՄՆ պետդեպին բնորոշ ելևէջներով:
Այսինքն, պարզ է դառնում, որ Նեմցովի անձը մեր ընդդիմադիրներին, հատկապես՝ արևմտամետ ընդդիմադիրներին, այդքան էլ չի հետաքրքրում: Նրա փոխարեն կարող էր լինել մեկ այլ արևմտամետ, կարևորը, որ սպանվել է, կարևորը, որ արևմտամետ է և սպանվել է ռուս արևմտամետ: Այսինքն, կարևորը՝ Պուտինին, «իմպերիալիստական Ռուսաստանին», «ռուսական բռնապետությանը», ռուսական «ԿԳԲ»-ին լրացուցիչ մեղադրելու առիթ կա: Եվ ահա նրանք մեղադրում են և դեռ կմեղադրեն այնքան, մինչև առաջանա նոր առիթը, իսկ հետո էլ երևի մեկ ուրիշի համար կսկսեն սգալ կամ մեկ ուրիշին կդարձնեն «հայ ազգային հերոս»:
Իսկ աշխարհում, եթե չեմ սխալվում, կա 191 ճանաչված պետություն, և երևի ամեն օր էլ որևէ պետությունում որևէ գործչի կսպանեն, և ելնելով մարդասիրական մղումներից՝ մեր արևմտամետ ընդդիմադիրներն ու ակտիվիստները, նրանց համակիրները պետք է որ դատապարտեն աշխարհում տեղի ունեցող բոլոր նման դեպքերը, սգան բոլոր տուժածների համար և շատերին էլ «հերոսացնեն»: Բայց մնացածների դեպքում մեր «մարդասերները», չգիտես ինչու, լռում են: Դե իհարկե, օրինակ՝ աֆրիկյան երկրների դեպքում դժվար կլինի որևէ կապ գտնել Պուտինի հետ և մեղադրել ՌԴ նախագահին, էլ ո՞րն է այնտեղի զոհերին «հերոսացնելու» իմաստը:
Կարեն Վարդանյան