Շատ «սկզբունքային» դուրս եկավ ԲՀԿ-ն, սկզբունքային և հավատարիմ իր գաղափարախոսությանը, եթե այդպիսին, իհարկե, կա: Չնայած` բարգավաճ Հայաստան կա, և դա բոլորս ենք ուզում: Ո՞վ չի ուզում ապրել բարգավաճ երկրում: Դե բնական է, որ ժողովրդին էլ պետք է լավ լինի, դրա համար էլ ամեն ինչ պետք է անել ժողովրդի հետ, ժողովրդի համար, ժողովրդի կողքին, ժողովրդական ձևերով: Անգամ խաղատներն ու շքեղ հյուրանոցները պետք է կառուցել ժողովրդի հետ և ժողովրդի համար:
Սա հասկացանք, բայց այն առնետավազքը, որ տեղի ունեցավ քաղաքական վախճանից հետո, ոչ մի կերպ չմտավ այս գաղափարախոսության մեջ: Լավ, Ծառուկյանը գնաց, նա հեռանում է քաղաքականությունից, բայց չէ՞ որ ԲՀԿ-ական մյուս օլիգարխ-պատգամավորները ժողովրդի հետ պետք է լինեին՝ ըստ ԲՀԿ-ի գաղափարախոսության: Այդ դեպքում ինչո՞ւ լքեցին կուսակցությունը: Թե՞, միգուցե, «ժողովուրդ» ասվածը հենց Գագիկ Ծառուկյանն է՝ ըստ ԲՀԿ-ի գաղափարախոսության: Այ սա արդեն ավելի տրամաբանական է ստացվում՝ Ծառուկյանն է ժողովուրդ, եթե չկա Ծառուկյան, ուրեմն չկա ժողովուրդ, հետևաբար էլ ու՞մ հետ լինել: Այսինքն, ԲՀԿ-ում անելիք այլևս չկա: Այս տեսանկյունից առնետավազքը լիովին կարելի է արդարացնել: Մարդիկ փախչում են՝ ժողովրդի փնտրտուքներով, փնտրում են, այդպես էլ չեն գտնում ժողովրդին և որոշում վերադառնալ և գոնե իրենց պատգամավորական մանդատը վերականգնել՝ հետո՞ ինչ, թե ժողովուրդ էլ չկա: Բայց չէ՞ որ բիզնեսները դեռ կան և դրանք պետք է պահել, լավ պահել, իսկ դրա համար պատգամավորությունից հրաժարվելն ամենևին տեղին չէր. Մելիք մանուկյանը՝ նույն ինքը Շշի Մելոն, դա հասկացավ և հետ վերցրեց հրաժարականի մասին դիմումը:
Տեսնու՞մ եք՝ ինչ լավ է, որ օրենսդիրում այսպիսի խելացի մարդիկ ունենք, ովքեր կարողանում են ժամանակին ճիշտ որոշումներ կայացնել: Այնպես որ, կարող ենք հանգիստ քնել, ամեն ինչ լավ կլինի, քանի որ մեր ճակատագիրը վստահված է և՛ խելացի, և՛ սկզբունքային մարդկանց, ովքեր օրեցօր բացահայատվում են, ինչպես բացահայտվեց Ռուստամ Գասպարյանը: Առանց «ժողովրդի» էլ ի՞նչ ԲՀԿ, առանց «Կանյաչնիի», «Փարավոնի» կամ 150 միլիոն դոլարանոց հյուրանոցի էլ ի՞նչ ազատամարտիկների հավաքներ, էլ որտե՞ղ պիտի հավաքվեն...
Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ ժողովրդի համար է: Առաջ` դեպի բարգավաճ Հայաստան:
Կարեն Վարդանյան