Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ խորհրդարանական հաջորդ քառօրյային ԲՀԿ-ն կհայտարարի այսուհետ ընդդիմադիր լինելու մասին:
Հայտարարելը կհայտարարի, սակայն ընդդիմադիր դաշտում գործող մյուս խմբակցությունները կամ կուսակցությունները կհամագործակցե՞ն արդյոք քաղաքական մի ուժի հետ, որը, լինելով քաղաքական «եռյակի» անդամներից մեկը, մեծ պարտավորություն վերցրեց իր վրա` խոսել քաղաքական «եռյակի» անունից և չեղյալ հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը:
Թերեւս, այս հարցադրումով, Orer.am-ը դիմեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանին, ով իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Ես հուսով եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ վերագտման փուլում է: Ընդհանրապես ե՛ւ քաղաքական կյանքում, ե՛ւ առօրյայում սխալներ անում են շատերը, կարեւորը սխալներից ճիշտ հետեւություն անելն ու դրանցից դասեր սովորելն է: «Ժառանգություն» կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի նման հարցերում, եթե կա կամք պայքարելու եւ քաղաքացուն այս վիճակից հանելու, ուրեմն` կարծում եմ համագործակցության եզրեր կգտնվեն»:
Համագործակցությունը չի բացառվում, սակայն կուսակցությունների միավորման մասին «Ժառանգություն» կուսակցությունն այս պահին նախընտրում է լռել. «Միավորումների մասին չեմ խոսելու, կասեմ միայն, որ կարող են լինել համագործակցային եզրեր»:
Տվյալ թեմայի շուրջ,Orer.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներից, ինչը, սակայն, այդպես էլ չստացվեց. վերջիններս, հավանաբար, խիստ քննարկումների մեջ են, որոշներն անջատել են հեռախոսները, իսկ ոմանք էլ պարզապես չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Դեռ չիմանալով ՀԱԿ-ի տեսակետը` կապված համագործակցության հետ, կարող ենք պարզապես զարմանալ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական գործիչների լավատեսությունից։
Հետաքրքիր է, բայց փաստ, որ «Ժառանգություն» կուսակցությունը, որի նախագահը, առաջինը տրվելով էմոցիաներին, հայտարարեց, որ քաղաքական «եռյակ» այլեւս գոյություն չունի, պատրաստ է կրկին համագործակցության եզրեր փնտրել մի քաղաքական ուժի հետ, որի, այսպես կոչված, լիդերները չափից դուրս անհեռատես են: Թեպետ ո՞վ գիտի, միգուցե, կնոջ տիրապետության ներքո քաղաքական ուժերը համախմբվեն եւ այսուհետ հանդես գան առավել հստակ քայլերով, այլապես` այսպես կոչված, ընդդիմադիր ուժերն այլեւս ժողովրդի աչքերին նայելու տեղ պարզապես չեն ունենա…
Սոսե Չանդոյան