«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խաղաքարտերն գրեթե ամբողջությամբ բացված են, եւ մնում է մեկ ճշտում, թե ո՞վ է լինելու ԲՀԿ-ի հաջորդ հովանավորը: Հարցն ինքնին բարդ է, քանի որ մոտ օրերս իրեն ընդդիմություն հռչակող քաղաքական ուժի ֆինանսավորումը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, իրականացնելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ոչ միայն Գագիկ Ծառուկյանի բարեկամն է, այլ բավական սերտ կապերի մեջ է նաեւ ներկայիս ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հետ:
Ի հեճուկս այս ամենի` ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցելու եզրեր կփորձեն գտնել անգամ նոր ԲՀԿ-ի ձեւավորվելուց հետո: Թե ի՞նչ ընդդիմություն իրենից կներկայացնի ԲՀԿ-ն, երբ ֆինանսավորվի վարչապետի կողմից, իհարկե, դժվար է պատկերացնել, սակայն առավել դժվար է հասկանալ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը տվյալ կառույցի հետ:
ԲՀԿ-ի հետագա քայլերի եւ ընդդիմադիրների հետ համագործակցության վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ, ով նշեց. «ԲՀԿ-ն մի քանի անգամ ավելի քիչ ե՛ւ մարդկային, ե՛ւ նյութական ռեսուրս կունենա: Տվյալ կուսակցությունը կաշխատի նման պայմաններում: Իհարկե, անհամեմատելի է այն, ինչ ուներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, օրինակ, մեկ ամիս առաջ եւ ինչ ունի այն հիմա: Հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե արդյո՞ք այսուհետ ԲՀԿ-ի քայլերը քաղաքական դաշտում էֆեկտիվ կլինեն, թե ոչ:
Կարծում եմ, որ տեսանելի ապագան իրականում որեւէ նշանակություն չի ունենա, որովհետեւ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնվեց նման իրավիճակում, պարզ դարձավ, որ ընդդիմադիր դաշտը դեռ երկար ժամանակ ի վիճակի չի լինի կազմավորվել, հետեւաբար այս պարագայում կարեւոր չէ` ընդդիմադիր ուժերն իրար հետ կհամագործակցեն, թե չեն համագործակցի: Համենայն դեպս, ներքաղաքական դաշտում նրանք շատ երկար ժամանակ տեսանելի չեն լինի»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական երկու ուժերը կրկին կվստահեն ԲՀԿ-ին, ով ժամանակին չեղյալ հայտարարեց քաղաքական «եռյակի» հանրահավաքը, քաղաքագետը պատասխանեց. «Շատ տրամաբանական է, որ այդ պարագայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գործեց ինքնուրույն` չեղյալ հայտարարելով քաղաքական «եռյակի» հանրահավաքը, իսկ քաղաքական մյուս ուժերը միեւնույն է պետք է համագործակցեն, որովհետեւ ընդդիմությունը համագործակցության առումով այլընտրանք չունի : Նորից կնշեմ` եթե նրանք ցանկանում են տեսանելի լինել, ապա պետք է համագործակցեն իրար հետ»:
Սոսե Չանդոյան