Լուկա Տոնին իր ապագան կվճռի ամռանը
Спорт«Վերոնայի» հարձակվող Լուկա Տոնին նշել է, որ մտադիր է ևս մեկ խաղաշրջան անցկացնել ակումբում, թեև ամռանը գուցե փոխի իր միտքը, հայտնում է Orer.am-ը։
37-ամյա ֆուտբոլիստը այս խաղաշրջանի ընթացքում դարձել է 13, իսկ «Վերոնայում» ընդհանուր առմամբ 33 գոլի հեղինակ, իսկ ակումբի ռեկորդակիր Էմիլիանո Մասկետիին հասնելու համար նրան պետք է ընդամենը երկու գնդակ։ Ֆուտբոլիստը նշել է, որ կցանկանար ռեկորդի հեղինակ դառնալ, թեև նրա համար առաջնայինն իր ընտանիքն է։
«Այս ամռանը ես մտադիր եմ իմ արձակուրդն անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ երկար ժամանակ է, ինչ մենք միասին չենք եղել։ Փաստն այն է, որ արդեն չորս խաղաշրջան է, ինչ ես ասում եմ, որ վերջին անգամ եմ ակումբի կազմում, և դեռևս այստեղ եմ, այնպես որ, ո՞վ գիտի»,- ասել է ֆուտբոլիստը։
Աշոտ Մնացականյան