Հայաստանը պետք է զգուշանա Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունից. Ս.Սաֆարյան
ПолитикаԱպրիլի 2-ին լրագրողներին է հանդիպել «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Բանախոսն անդրադարձ է կատարել Ցեղասպանության 100-ամյակի քայլերին: 100-ամյակի համատեքստում Ստյոպա Սաֆարյանը առանձնացրեց 2 խմբի ազդեցություն՝ 2015 թվականն ամբողջությամբ և 2015թ.-ի ապրիլի 24-ն առանձին: Ըստ նրա՝ հարցը մեկ օրվա չէ, թուրքական պետությունը ավելի վաղ էր նախապատրաստվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին` նույն օրը նշելով Գալիպոլլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցը:
«Այսօր Թուրքիան մասամբ հասնում է իր ուզածին: Որոշ նախագահներ հաստատել են, որ ապրիլի 24-ին կգտնվեն Հայաստանում: Այնուամենայնիվ, Երևանը չի կարող շատ մեծ ոգևորություն ունենալ, որ աշխարհն իր հետ նշում է 100-րդ տարելիցը, և այս կտրվածքով լուրջ արդյունքների սպասել պետք չէ»,- նշեց վերլուծաբանը: Սաֆարյանը նաև տեսակետ հնչեցրեց, որ 100-ամյա տարելիցի նախօրեին Թուրքիային ձեռնտու է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը:
Ըստ Ս.Սաֆարյանի՝ Թուրքիայի համար սահմանին տիրող այս իրավիճակն այնքանով է ձեռնտու, որ Հայաստանն այլ հարվածներ է ստանում և մասամբ զբաղվում դրանով:
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահը ընդգծում է, որ Հայաստանը պետք է զգուշանա Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունից և ունենա արտաքին քաղաքականության կոնցեպցիա, քանի որ Էրդողանն ավելի նենգ գործելաոճով է շարժվում, քանի իր նախորդը՝ Գյուլը:
«Էրդողանն իր վարած քաղաքականությամբ Թուրքիայի իմիջային հարցն է լուծում` փորձելով աշխարհին երևալ ավելի ժողովրդավարական, բայց իրականում Հայաստանի համար ավելի ագրեսիվ ու վտանգավոր քաղաքականություն է վարում»,- փաստում է Ստյոպա Սաֆարյանը:
Լևոն Փանոսյան