Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ
ՔաղաքականՄիավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում hուլիսի 22-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանըհանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։
Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) հետ համագործակցությունը և Միշել Բաչելետին ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։
Անդրանիկ Հովհաննիսյանն ու Միշել Բաչելետը մտքեր փոխանակեցին Հայաստանի և ՄԻԳՀԳ փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Գերագույն հանձնակատար Բաչելետը կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին՝ առանձնահատուկ նշելով ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի շրջանակներում Հայաստանի կողմից կյանքի կոչված նախաձեռնությունները։
Հանդիպման ավարտին դեսպան Հովհաննիսյանը Միշել Բաչելետին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Հայաստանի ջանքերը խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։