ՄԻՊ-ն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ:

 

Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի որոշմամբ դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել նաև մի շարք քաղաքացիներ:

  • Բարձրացված հարցերից մեկը վերաբերում է նրան, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանավորման հաջորդ օրը՝ 2018 թվականի հուլիսի 28-ին քննիչի որոշմամբ արգելվել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դրանից հետո, այդ արգելքը մերձավոր ազգականներից մի մասի հետ մասնակի վերացվել է, սակայն պահպանված է արգելքը Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկի հետ: Ըստ փաստաբանի՝ այս որոշումն այլևս անիրավաչափ է և կիրառության համար չունի հիմքեր:

Մասնավորապես, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրած բողոքում նշել է փաստաբանը, քրեակատարողական հիմնարկը Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու համար հիմք է ընդունել դեռևս նախաքննության փուլում ու դեռ նրա առաջին կալանավորումից անմիջապես հետո քննիչի կայացրած որոշումը՝ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում ու վերջին անգամ նա կալանավորվել է հենց դատարանի վարույթում գործի գտնվելու ընթացքում: Ուստի, փաստաբանի համոզմամբ, առանց կոնկրետ փուլում վարույթի իրականացումը ստանձնած մարմնի, այսինքն՝ դատարանի որոշման քրեակատարողական հիմնարկն իրավունք չուներ արգելել Ռոբերտ Քոչարյանի կապն արտաքին աշխարհի ու առավել ևս՝ մերձավոր ազգականի հետ:  

 

Այս հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարություն է հասցեագրել անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություն: Այդ պարզաբանումների վերլուծության արդյունքներով Պաշտպանը համապատասխան հիմնավորումներով ու առաջարկով նախարարություն է ուղարկել լրացուցիչ գրություն:

  • Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև նրա փաստաբանների, մի շարք քաղաքացիների բարձրացրած մյուս հիմնական հարցը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն անիրավաչափ է: Դրանից բացի, նրանց պնդմամբ՝ անտեսվում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը, դատական գործընթացներն անընդհատ ձգձգվում են, դատական նիստեր չեն կայանում, ինչի պատճառով նախևառաջ ոտնահարվում են նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքները: Փաստաբանները նշել են, որ դատարանին հասցեագրած իրենց միջնորդությունները, այդ թվում՝ կապված կալանքից ազատ արձակելու, գրավի կիրառության հետ, դատարանն առհասարակ քննության չի արժանացնում, չեն նշանակվում դատական նիստեր՝ չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ տեղի է ունեցել դատավորի փոխարինում նորով:

Փաստաբանների բարձրացրած՝ վերը նշված հարցերը բնույթով այնպիսին են, որոնք պետք է կոնկրետ գործով քննարկման առարկա դարձնի միայն այդ գործով վարույթն իրականացնող մարմինը, կոնկրետ դեպքում՝ դատարանը:

 

Սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր կողմերի համար պարզաբանել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը Պաշտպանին արգելում է միջամտություն ցուցաբերել կամ քննարկման առարկա դարձնել այն հարցերը, որոնք առնչվում են կոնկրետ գործերով դատավորների լիազորությունների իրականացմանը: Հետևաբար,  առաջնորդվելով օրենքով վերապահված իրավասության սահմաններով՝ Պաշտպանը ձեռնպահ է մնում որևէ այնպիսի գնահատական տալուց կամ գործողություն կատարելուց, որը դուրս է մեջբերված օրենսդրական արգելքի շրջանակից:

Այդուհանդերձ, նշված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են և գտնվում են մշտադիտարկման ներքո, քանի որ առնչվում են մարդու սահմանադրական իրավունքներին:

 

Այս տեսանկյունից Պաշտպանն արձանագրում է, որ կալանքի ու, առհասարակ, ազատությունից զրկելուն վերաբերող հարցերը դրանց հասցեատեր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պետության պոզիտիվ պարտականության ուժով պահանջում են առավելագույն ջանքեր՝ ապահովելու համար ազատությունից զրկված ցանկացած մարդու իրավունքների երաշխավորումը: Բոլոր դեպքերում, պետք է հաշվի առնել, որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից՝ դրանց ցանկացած այնպիսի վիճարկման դեպքում, որը վերաբերում է անազատության մեջ գտնվելու իրավաչափությանը: Հարցն առավել արդիական է գործը քննող դատավորի փոփոխության պարագայում, երբ քննությունը պետք է սկսվի նորից ու կալանքին առնչվող հարցերը լինեն այնպիսինների թվում, որոնց պետք է անդրադարձ կատարվի հետաձգում չհանդուրժող դատավարական քայլերով:

  • Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել է նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թ. սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշումը:

          Այդ որոշմամբ դատարանը սահմանել է ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր միջոցներ:

 

Սույն հայտարարությամբ Պաշտպանը չի անդրադառնում Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված անհատական միջոցներին, քանի որ դրանք առնչվում են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործին և հետևաբար՝ գտնվում են բացառապես կոնկրետ գործի վարույթը ստանձնած դատարանի իրավասության տիրույթում:

Սահմանադրական դատարանի սահմանած ընդհանուր միջոցներն ունեն համակարգային բնույթ և վերաբերում են կամ կարող են վերաբերել նույն իրավիճակում հայտնված, դատարանի բնորոշմամբ, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց իրավունքներին առհասարակ:

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել Սահմանադրական դատարանի կողմից՝ որպես օրենսդրի պարտականություն ձևակերպված ընդհանուր միջոցը. «...օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստի և կալանքի կիրառման իրավաչափությունը»:

 

Ուստի, այս հարցը պետք է դիտարկել՝ որպես լուծման ենթակա համակարգային բնույթի հարց: Այն առնչվում է ոչ միայն պաշտոնաթող Նախագահներին, այլ ունի առավել մեծ նշանակություն երկրի մարդու իրավունքների համակարգի համար, քանի որ գործնականում վերաբերում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի պատգամավորների, դատավորների ու հատուկ պաշտպանություն ունեցող մյուս պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիության հարցին:

Նկարագրված բոլոր հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

Մանրամասներ Վայոց Ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն Խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում. հայտնաբերվել են 16 բջջային, 52 խաղաթուղթ, խմիչքի թորման սարք (լուսանկարներ) Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Սամվել Մարտիրոսյան-Դոնեցկին Վիրավորներից մեկին սխալմամբ են կրակել, նա կրակոցներ արձակողների հետ է եղել. մանրամասներ Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր Երկու կազմակերպություն պետությանը պարտք է 47 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդները կվերադարձվեն հարկատուներին․ նախագիծն ԱԺ-ում է Հայաստանի և Լիբանանի ռազմական կապերը խորն են. Լիբանանի պաշտպանության նախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Միաժամանակ ընտրվել է երկու Հռոմի պապ Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Մանրամասներ ձեռքբերման վաղեմության ու տիրապետման բարեխղճության մասին 117 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 14 միլիոն դրամ ու 30 հազար եվրո. ԳՀԿ պաշտոնակատարի ունեցվածքը. «Փաստ» «Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին ու հայրենիքին». «Փաստ» Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել. «Փաստ» «Տնտեսությունը լուրջ հիվանդ է». երբ պատասխանատուներ են նշանակվում հետագիծ չունեցող մարդիկ. «Փաստ» Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից. «Փաստ» Քաղաքական նոր «դուետի» չերևացող կողմերը. «Փաստ» Ինչպիսի իշխանություն էլ լինի, նման վիճակը հարվածում է արդյունավետությանը. «Փաստ» Առավել ակտիվ լինել. կհրավիրվի ևս մեկ արտահերթ. «Փաստ»
website by Sargssyan