Քաղաքական մանիպուլյացիա կամ արդի իրականություն
ՔաղաքականԺամանակակից աշխարհում քաղաքական տեղեկատվական-հաղորդակցական գործընթացներում հաճախ կիրառվում են ոչ թե առանձին հնարքներ, այլ հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Մանիպուլյացիան թաքնված ազդեցություն է, որի փաստը չպետք է նկատվի մանիպուլյացիայի օբյեկտի կողմից:
Այսօր ՀՀ քաղաքական թատերաբեմում կատարողներն են, իսկ առաջնորդներն ու կազմակերպիչները հասարակության լայն շերտերի համար առայժմ անտեսանելի են` ստվերում են: Պետությունն ու ազգային հիմնարար արժեքները առաջնային թիրախում էին (սա բխում էր բուն հեռահար նպատակից), իսկ կարգախոսները, ինչպես ամեն տեղ` շատ ստանդարտ ու մաշված` կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության հաստատում, մարդու իրավունքների պաշտպանություն, իրավահավասարություն և իրավունքի գերակայություն, արդարություն:
Համաձայնեք, որ լավ բառեր են, չէ՞... Բայց...
Իրականում` այս կարգախոսներով և ամբողջ ընթացքում առանձնակի հետևողականությամբ և ուժգնությամբ հարձակման էին ենթարկվում ազգային արժեքներն ու պետության անվտանգությունը ապահովող ոլորտներն ու գործիչները: Իրականում չկար հակազդող ուժ ( որը նախորդ իշխանության գիտակցված, թե անգիտակից մեծ բացթողումն էր ), և այս ամենի հետևանքով հասարակությունը, առանց ընկալելու իրողությունները, արդեն գտնվելով «ալտերնատիվ իրականության» տիրույթում, ի թիվս այլ բաների` սկսեց կասկածի տակ դնել ոչ միայն իր կողմից ընդունելի, հայրենասեր, վաստակաշատ գործիչների ու պրոֆեսիոնալների ավանդը, այլ նաև` իր իսկ համար դարերն ի վեր հիմնավոր համարվող բարձրագույն արժեքները` ազգությունը, կրոնը, պետությունը, հայրենիքը, ընտանիքը, բանակը, մշակույթը, կրթությունը, ազնվությունը, արդարությունը, իրավունքը, պարկեշտությունը:
Պետք է հաշվի առնել նաև, որ` երբ երկրում ամեն ինչ կայուն ու խաղաղ է, երկիրը արագ, թե դանդաղ զարգանում ու կառուցվում է, և առերևույթ առկա չէ ազգային արժեքների և պետական ինստիտուտների ոտնահարում, ապա իշխանության և հասարակության մոտ բթանում է պետության և ազգային արժեքների նկատմամբ հնարավոր ոտնձգությունները հեռվից զգալու և դրանց դիմակայելու` բնատուր, գենետիկ, ազգային խորը թաքնված իմունիտետը: Վերջին երեսուն տարվա ժամանակագրությունը եթե դիտարկենք, ապա կնկատենք, որ այն արթնանում է միայն այն պահին, երբ առերևույթ ի հայտ են գալիս այդ վտանգները: Առաջին անգամ` 1992-93-ին, երկրորդ` 1996-1998-ին, և վերջին օրինակը աչքներիս առաջ է:
Իրականում այդ վտանգը անընդհատ և ամենուր առկա է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն կենտրոններ, որոնք իրենց շահերը հետապնդելով պատրաստ են ոտնահարել ամեն ազգայինն ու մարդկայինը: Երկրներում տիրող իրավիճակից է կախված դրանց ակտիվանալը, ի հայտ գալը: Եթե երկիրը, իր ներքին թերություններով հանդերձ` նորմալ, կամ արագ զարգանում է, և պետական ինստիտուտները, կառույցները պատշաճ կերպով իրականացնում են իրենց գործառույթները, ապա այդ վտանգները, այսինքն` հակաազգային ու հակապետական բջիջները` թույլ են և թաքնված:
Ցանկացած երկրի համեմատաբար դանդաղ զարգացման, և դրան զուգահեռ` համապատասխան պետական կառույցների կողմից իրենց գործառույթների ոչ պատշաճ իրականացման պայմաններում նշված հակաազգային և հակապետական կառույցներն աստիճանաբար ուժեղանում են: Իրավիճակն աղետալի է դառնում այն ժամանակ, երբ այդ հակազգային ու հակապետական տարրերը` այս, կամ այն կերպ ստանձնում են իշխանության դերը և տնօրինում են կառավարման լծակները: Այդպիսի իրավիճակը անհապաղ չշտկելու դեպքում, արդեն հաջորդ քայլով` անթաքույց ձգտում են տվյալ երկրի բնակչությանը վերածել ապազգային, անհայրենիք, անմշակույթ, խեղաթյուրված պատմությամբ, անբնական սեռի և անհավատ պարզագույն կենսաբանական զանգվածի` իր բոլոր ավերիչ ու կործանիչ հետևանքներով:
Անդրանիկ Հարությունյան