Հասկացանք, որ մեծ ալերգիա է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը փոխենք. Փաշինյան
ՔաղաքականՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարությունում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ հայտարարեց, որ նախնական տարբերակում չի եղել ՊԵԿ-ի քննչական վարչությունը եւս Քննչական կոմիտե տեղափոխելու հարցը եւ իրենք չեն կարողացել ներկայացնել դրա հակափաստարկները եւ անհամաձայնությունը:
Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ինձ ամեն անգամ զարմացնում է, որ երբ հարցը գալիս, հասնում է նիստ ու ասվում է՝ չի քննարկվել մեզ հետ: Առնվազն իմ մասնակցությամբ 3-4 քննարկում է եղել այս թեմայով: Այս տրամաբանությամբ մենք միշտ տեղում կդոփենք: Սա քաղաքական հարց է, եւ քաղաքական որոշումը կայացված է: Չի կարելի հարցերի քննարկումը անվերջ ձգել, մանավանդ՝ նոր Հայաստանում սիրում ենք ասել՝ եկեք էլի քննակենք, քննարկենք»,-ասաց նա եւ հավելեց, որ չպետք է մեկ քայլ առաջ անեն, բայց երկու քայլ հետ գնան:
«Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն եւ մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,-ասաց նա: