Հեսա կասեն, որ ուզում ենք վերահսկել ԶԼՄ-ներին, որովհետեւ ուզում ենք պարզել, թե ովքեր են սեփականատերերը. Փաշինյան
ՔաղաքականԿառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 3-ին հավանություն տրվեց օրինագծերի փաթեթին, որով արտոնություն է տրվում լրատվամիջոցներին իրավաբանական անձանց մասին պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի այդ տեղեկատվությունն ստանալ անվճար: Այսօր գործող կարգուվ այդ տեղեկատվությունն ստանալու համար լրատվամիջոցները վճարում են պետական տուրք:
Բադասյանը նշեց, որ այս նախագծով նաեւ ընդլայնվում է լրատվամիջոց հասկացությունը, դրա մեջ ընդգրկելով նաեւ համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեությունը իրականացնողներին:
Նախարարը հիշեցրեց, որ այս նախագիծը e-draft-ում տեղադրելուց հետո բուռն արձագանքի արժանացավ լրատվամիջոցների կողմից, որոնք մտավախություն էին հայնում, թե սրանով փորձ է արվում վերահսկել լրատվամիջոցներին, բայց կյանքը ցույց տվեց, որ նման նպատակ չի եղել: Նա ընդգծեց, որ անհատականացված քարտերով են նրանք օգտվելու այդ հնարավորությունից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մոտ մեկ տարի է լրագրողները խնդրում են այս խնդիրը լուծել, հիմա որ լուծեցինք, սկսեցին աղմուկ անե՞լ: Կարող ենք այս փոփոխությունը չանել ընդհանրապես: Իրենց համար ենք անում:
Այսինքն մենք տվյալների բազային մուտք ենք տալիս լրատվամիջոցներին, իսկ մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք լրատվամիջոցներին վերահսկե՞նք: Այսինքն ասում ենք՝ մտնելուց առաջ պետք է ID քարտ օգտագործեք, ասում են՝ ո՞նց, մեզ ուզում եք վերահսկե՞ք»:
Վարչապետը նաեւ հարց ուղղեց. «Իսկ ռեգիստրում գրվա՞ծ է, թե ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը: Լավ չի, լավ չի: Հեսա կասեն, որ ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետեւ ուզում ենք պարզել, թե ովքեր են սեփականատերերը»: