Կարևորվել է գործարար շփումների ակտիվացումը․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ
ՔաղաքականՍերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 4-ին, հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Սերբիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ նշելով, որ ուրախ են հյուրընկալել բարեկամ Հայաստանի նախագահին և շահագրգռված են բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացմամբ։
Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան տնտեսական ոլորտում հասնել առավել տպավորիչ արդյունքների: Այս համատեքստում կարևորվել է փոխայցելությունների, գործարար շփումների ակտիվացումը, միմյանց փորձին ծանոթացումը, ինչն էապես կարող է խթանել տնտեսական ակտիվությունն ու զբոսաշրջությունը:
Անդրադարձ է եղել նաև Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև առաջիկայում ստորագրվելիք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին: Նշվել է, որ Համաձայնագրի կնքումը նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի ու Սերբիայի համար: