Հունվարի մեկից կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ. նոր նախագիծ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:
Այս նախագծով փորձ է արվում նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը:
Հիմա էլ էկոնոմիկայի նախարարությունն է քննարկման ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, որը, կարծես թե, փորձում է լուծել երկու խնդիր՝ նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և խնայողություններ կատարել:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ կենսաթոշակառուները յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը ստանում են տվյալ ամսվա ընթացքում իրենց իսկ դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։
Նույն սկզբունքն է գործում նաև խնամքի նպաստի վճարման դեպքում: Նոր նախագծերով առաջարկվում է կենսաթոշակները, պատվովճարները, հաշմանդամության թոշակները, խնամքի նպաստները և այլն, վճարել անկանխիկ տարբերակով: Իհարկե, սահմանվում են նաև բացառություններ:
Օրինակ՝ կենսաթոշակառուն իր թոշակը կարող է շարունակել ստանալ կանխիկ, եթե նա առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է նրա 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով:
Բացի դա, կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային ևս վճարվում է կանխիկ եղանակով:
Իսկ խնամքի նպաստների վճարման ժամանակ առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է:
Բացի դա, եթե խնամքի նպաստը ստանում են լիազորագրով, ապա այն պետք է վճարվի միայն կանխիկ եղանակով:
Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ նշվում է, որ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա։ Սա վերաբերում է նաև խնամքի նպաստներին:
Ինչո՞ւ է առաջացել նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտություն: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը 2018 թվականին կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը`1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով:
Ստացվում է, որ խնդրահարույց ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը:
Բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ (անկախ վճարվող գումարի չափից), իսկ կենսաթոշակների՝ կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով:
Փաստորեն՝ փորձ է արվում նվազեցնել պետության հաշվին կատարվող այս ծախսերը:
Եթե օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը հավանության արժանանան կառավարության և Ազգային ժողովի կողմից, ապա դրանք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի մեկից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում