Գարեգին Բ կաթողիկոսը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր Սիրիայի խնդրով
ՔաղաքականԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ակնկալում է միջազգային հանրության հրատապ եւ գործնական քայլերը Սիրիայում սկսված արյունահեղությունը կանխելու ուղղությամբ։
Մայր Աթոռից փոխանցում են կաթողիկոսի խոսքը․
Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրենքի դեմ գործողությունների վրա` ակնկալելով հրատապ ու գործնական քայլեր` հետագա արյունահեղությունը կանխելու համար:
Փոքրամասնությունների` այդ թվում սիրիահայ մեր զավակների դեմ վերջիններիս ազգային ինքնության պատճառով Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը և պետք է խստագույն դատապարտության արժանանա միջազգային հանրության կողմից։
Կիսելով ցավն ու տառապանքը պատերազմի արհավիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների և քույրերի` աղոթք ենք բարձրացնում առ Աստված Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Կատարվածը չունի որևէ արդարացում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին և մեր ազգի զավակներին»: