Ի՞նչ որոշում կարող է կայացնել Երևանի քաղաքապետարանը
Общество«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:
Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:
Հարց.- Ինչպե՞ս է վարչական բողոքի հիման վրա հարուցվում վարչական վարույթը Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններում, և ի՞նչ որոշում կարող է ընդունվել հարուցված վարչական վարույթի արդյունքում:
Պատասխանում է փաստաբան Լիլիթ Սահակյանը:
Վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է քաղաքացու կողմից բողոքը վերադաս վարչական մարմնի համապատասխան բաժին մուտքագրելու օրը: Վերադաս վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել արդյոք պահպանված են բողոք բերելու համար սահմանված պահանջները:
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքում վերադաս վարչական մարմինը համարվում է Երևանի քաղաքապետարանը, որը պարտավոր է վարույթ հարուցելուց հետո վարույթն իրականացրած վարչական մարմնից, այսինքն` 12 վարչական շրջանների այն վարչական շրջանից, որի կայացրած վարչական ակտի, գործողության կամ անգործության դեմ բերվել է բողոքը, անհապաղ պահանջել վարչական վարույթի վերաբերյալ գործը (նյութերը): Վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է այդ պահանջն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վարչական գործը (նյութերը) ներկայացնել վերադաս վարչական մարմին, այսինքն՝ Երևանի քաղաքապետարան:
Վարչական բողոք ներկայացնելը կարող է ուղղված լինել.
-վարչական ակտի կատարումը կասեցնելուն, այսինքն` բողոքաբեր անձը պետք է մանրամասն շարադրի այն հանգամանքները (հիմնավորումները), որոնց պատճառով առաջացել է անհրաժեշտություն կասեցնելու վարչական ակտի կատարումը,
-վարչական մարմնի գործողությունների դեմ, այսինքն` բողոքարկելու այն գործողությունները, որոնք կատարվել են վարչական մարմնի կողմից, մանրամասն նշելով դրանց անօրինականությունը հաստատող փաստարկները, ինչպես նաև դրանց իրականացման անհրաժեշտության բացակայությունը,
-վարչական մարմնի անգործության դեմ, այսինքն` բողոքարկելու վարչական մարմնի այն անգործությունը, որի հետևանքով առաջ են գալիս բացասական հետևանքներ:
Վարչական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, բողոքի քննման արդյունքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
-բավարարում է բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն:
Եթե բողոքը ներկայացվել է վարչական ակտի դեմ, ապա վերադաս վարչական մարմնի կողմից վարչական ակտը կարող է ճանաչվել անվավեր կամ առոչինչ, կամ վերադաս վարչական մարմինը կարող է ընդունել նոր վարչական ակտ:
Եթե վարչական բողոքը բերվել է վարչական մարմնի գործողության դեմ, ապա վերադաս վարչական մարմինը կարող է բողոքարկվող գործողությունը ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնել տվյալ գործողությունը` դիմումն ընդունելու պահին այդ գործողությունը շարունակվելու դեպքում:
Եթե ներկայացվել է բողոք, որն ուղղված է վարչական մարմնի անգործության դեմ, ապա բերված բողոքի արդյունքում կարող է ընդունվել որոշում` հայցվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելու վերաբերյալ,
-մերժում է բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:
Վարչական մարմինը` Երևանի քաղաքապետարանը, կարող է ընդունել վերոնշված որոշումներից որևէ մեկը, կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը և հանձնարարել վարչական ակտն ընդունած վարչական մարմնին՝ ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը։
Վերադաս վարչական մարմինը` Երևանի քաղաքապետարանը, բողոքը թողնում է առանց քննարկման, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարգելի չեն ճանաչվել ժամկետը բաց թողնելու պատճառաբանությունները: