Երևանում 64-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1979թ.:
Վերջինս ձերբակալվել է՝ 64-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: