Քա­ղա­քա­գետ. «Հույս ունեմ, որ հա­կա­սա­կան և իրա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չեն հաս­նում բա­նակ­ցա­յին սե­ղան և միս ու ա­րյուն չեն ստա­նում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել: 

Հայկական կողմը չբացառեց վերոնշյալ բանաձևի ընդունման ու սահմանային հերթական սադրանքի միջև կապը։ Այս անգամ ևս հնչեցին հարցադրումներ, հայացքներ ուղղվեցին դեպի միջազգային հանրություն, ինչպես նաև ՀԱՊԿ՝ կապված Ադրբեջանի նկատմամբ զսպող մեխանիզմներ կիրառելու հետ։ 

Այնուհետև Հայաստանում հնչեցին մի շարք հայտարարություններ՝ կապված թե՛ պարտավորությունների, թե՛ նաև Արցախյան հարցի վերաբերյալ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ զարգացումներին ու հայտարարություններին։ Ս. Սարգսյանը նախ ընդգծում է.

«Անմիջապես բանաձևի ընդունումից հետո Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցների արձակումը ես կկապեի նաև մեկ այլ հանգամանքի՝ Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի հետ։ 

Այս առումով նշվածը, իհարկե, հարված էր նաև ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ինչի առումով նաև հարցադրումներ ուղղվեցին վեհաժողովի մասնակիցներին։ 

Ըստ էության, Ադրբեջանը թե՛ միջազգային, թե՛ իր և թե՛ Հայաստանի հանրությունից չի թաքցնում, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու նպատակ և խնդիր ունի։ Այդ առումով միշտ բացեիբաց դիմել է համապատասխան գործողությունների, որի վառ վկայությունն ապրիլ յան դեպքերն են։ 

Այնպես որ, այստեղ որևէ զարմանալու բան չկա, և, կարծում եմ, պետք է միշտ պատրաստ լինել Ադրբեջանի ցանկացած տեսակի և ցանկացած մասշտաբի ագրեսիայի»։

Սուրեն Սարգսյանի խոսքով, իրականում զսպվածության կոչերն արդյունք չեն տալիս, որովհետև դրանք անհասցե են արվում։

«Եթե դրանք հստակ ձևակերպվեին, հստակ հասցեատեր ունենային, և եթե միջազգային հանրությունը հստակ մեղադրեր Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, ապա, իհարկե, իրավիճակն այլ կլիներ։ 

Բայց միջազգային հանրությունը փորձում է հավասարակշռված և անկողմնակալ դիրքորոշում հայտնել այս կամ այն միջադեպի, այս կամ այն դեպքի առիթով, ինչն էլ, բնականաբար, բխում է Ադրբեջանի շահերից. Ադրբեջանը ագրեսիվ գործողություն է իրականացնում, իսկ միջազգային հանրությունը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել։ 

Սա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքերը կապված չեն և ցանկացած արկածախնդրության կարող է գնալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ որևէ հանգամանք չկա, որը կարող է ստիպել միջազգային հանրությանը այս կամ այն կերպ գնահատել իրավիճակը։

«Ադրբեջանն իր ամբողջ դիվանագիտական խողովակներով և այլ հնարավոր միջոցներով ակտիվ աշխատում է արտաքին աշխարհի, Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ։ 

Ադրբեջանը չի խնայում ֆինանսական և այլ ռեսուրսները՝ իր կարծիքը լսելի դարձնելու և մոտեցումները հստակ տեղ հասցնելու համար։ Այնպես որ, Ադրբեջանի պրոպագանդայի մեքենան շատ ագրեսիվ, շատ ակտիվ և շատ էֆեկտիվ է աշխատում, որի դեմ, կարծես թե, մեր փոխազդելու մեխանիզմներն այդքան էլ էֆեկտիվ չեն այս պահին։ 

Այդուհանդերձ, կարծում եմ, մենք այդ առումով ունենք հնարավորություններ։ 

Մենք կարող ենք միջազգային հարթակներում մեր գործընկերների հետ ունենալ նաև առանձին, այլ ձևաչափերով տարվող աշխատանքներ։ Եվ այստեղ պարտադիր չէ խոսել այն մասին, թե ադրբեջանցիները փող ունեն ու այդ փողով ինչ ուզում, անում են։ 

Այդպես չէ, իրենք փող ունեն, մենք էլ այլ ռեսուրսներ ունենք, որոնք կարող ենք առավել էֆեկտիվ օգտագործել, եթե ունենանք գրագետ մշակված ռազմավարություն»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մասնավորապես այն հայտարարությանը, որ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը ՀՀ-ի պաշտպանության նպատակով, քաղաքագետը նախ նշեց, որ զինված ագրեսիայի պարագայում կանոնադրական հարց կա։

«Կանոնադրության մեջ հստակ ձևակերպված են ՀԱՊԿ անդամ պետությունների պարտավորությունները կողմերից մեկի վրա ագրեսիվ ռազմական գործողությունների պարագայում։ 

Իհարկե, այստեղ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ, բայց, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում գտնվում են պետություններ, որոնք շատ ավելի շուտ իրենց անդամակցությունը կդադարեցնեն ՀԱՊԿ-ին, քան կօժանդակեն Հայաստանին, եթե Ադրբեջանը Տավուշից, կամ, թեկուզև, Նախիջևանից հարձակում գործի Հայաստանի Հանրապետության վրա։ 

Սա մեզ համար խնդիր է, որովհետև ՀԱՊԿ-ի տրամաբանությունը մի փոքր այլ է։ 

Պետք է հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ի անդամ որևէ պետություն երկկողմ խորը հարաբերություն չունի մյուս անդամ պետության հետ, բայց, միևնույն ժամանակ, բոլոր պետությունները խորը ռազմավարական հարաբերություններ և համագործակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ 

Այսինքն, մեծ հաշվով, Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների կոնտեքստում է պետք դիտարկել ՀԱՊԿ-ի ամբողջականությունը։ 

Այս հանգամանքը հաշվի առնելով է պետք մշակել մեր ինքնապաշտպանության ռազմավարությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը։

 

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ մի բան է ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը, մեկ այլ բան՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։

Նշված համատեքստում անդրադառնալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժի կրկնապատկման հնարավորությանը՝ նա շեշտեց. 

«Ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության բաղադրիչներից մեկն է, և այս առումով որևէ բան չի փոխվում. Ռուսաստանի Դաշնությունը մնում է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ 

Սա ոչ թե Ռուսաստանի կամ Հայաստանի ցանկությունն է, այլ երկկողմ համաձայնագիր, որը մինչ օրս փոփոխությունների չի ենթարկվել։ 

Այնպես որ, պետք է, այս ամենը հաշվի առնելով, նկատի ունենալ այն, որ ՀՀ-ի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության լրացուցիչ երաշխավորն է»։

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախյան հակամարտության հարցում դինամիկա կա, և որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի ղեկավարների պատկերացումները նույնական են։ 

«Տեսանելի հատվածում կարելի է տարբեր վերլուծություններ անել եղած տեղեկատվության հիման վրա, քանի որ ոչ ոք չգիտի, թե բանակցային սեղանի շուրջ կոնկրետ ի՞նչ գաղափարների, ի՞նչ մոտեցումների շուրջ է բանակցում հայկական կողմը։ 

Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով բանակցային գործընթացի գաղտնիությունը։ Բայց այն հայտարարությունները, որոնք վերջին ժամանակահատվածում արվել են Երևանում, դրանց մեջ եղել են որոշակի իրարամերժ տարրեր։ 

Բայց եթե այդ հայտարարություններն իրարամերժ են հանրության համար, միգուցե, բանակցային սեղանի շուրջ այլ իրավիճակ է։ 

Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով գաղտնիությունն ու տեղեկատվության անհասանելիությունը, հույս ունեմ, որ այդ հակասական և իրարամերժ հայտարարությունները չեն հասնում բանակցային սեղանի շուրջ և միս ու արյուն չեն ստանում»։

Իսկ հարցին՝ կա՞ն արդյոք բանակցային գործընթացն այլ հուն ուղղելու հնարավորություններ, Ս. Սարգսյանը պատասխանեց, որ իր կարծիքով բանակցային գործընթացի հետ կապված ամեն ինչ հստակ է ու պարզ։ 

«Ընդհանրապես, կարծում եմ, որ Արցախյան խնդրի խաղաղ լուծումն ընդամենը մեկ սցենարի առկայության դեպքում է հնարավոր։ Այդ սցենարով կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը պետք է հրաժարվեն Արցախից։ 

Հակառակ պարագայում խնդրի խաղաղ լուծում ես չեմ տեսնում։ Ու քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն հրաժարվելու Արցախից, ապա խնդրի խաղաղ լուծում, բնականաբար, չկա։ 

Իհարկե, բանակցությունները դրական են, այլընտրանք են պատերազմին, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ագրեսիվ հարևանի հետ գործ ունենք»,-եզրափակեց քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթակել 48-ամյա քաղաքացուն Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Արտառոց դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մահրեզի բնակարանը Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում Լանզարոտեի կոնվենցիայի հարցում Արմեն Սարգսյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան Արայիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները
website by Sargssyan