«Մայ­րե­նի լե­զուն պետք է դա­սա­վան­դել բո­լոր բու­հե­րում, բայց ոչ նույն, մի­աս­նա­կան ծրագ­րով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու և բարձրագույն ուսումնական հաստատությունների հայեցողությանը թողնելու ԿԳՄՍ նախարարության նախագիծը։ 

Այն միանշանակ չընդունվեց հանրության կողմից։ Կարծիքներ են հնչում, որ մայրենի լեզվի և հայոց պատմության ուսուցումը պետք է շարունակի պարտադիր լինել բուհերում, քանի որ դրանք հայապահպանության կարևոր նախադրյալներ են։ 

Կան նաև հակադիր կարծիքներ՝ դպրոցում 12 տարի հայոց լեզու ուսումնասիրած երեխան առարկայի ուսուցումը չպետք է կրկնի նաև բուհում՝ հատկապես, երբ շատ դեպքերում թե՛ հայոց լեզվի, թե՛ հայոց պատմության դասաժամերը դասացուցակում հայտնվում են մասնագիտական առարկաների դասաժամերի կրճատման հաշվին։ 

Իսկ ո ՞րն է ստեղծված իրավիճակում լավագույն ելքը։

Գրականագետ Դավիթ Գասպարյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ մեր ելակետը հայն է, Հայաստանն ու հայկականությունը։ 

«Այնտեղ, որտեղ հայը, Հայաստանը և հայկականությունը սեղմվում են կամ դուրս են մղվում, դա արդեն մտահոգիչ է։ Ի՞նչ է նշանակում բուհերից հանել այս առարկաների ուսուցումը։ 

Դժբախտաբար, մեր դպրոցները բարձր որակի կրթություն չեն տալիս, և աշակերտը հիմնավոր պատրաստվածությամբ չի մտնում բուհ։ 

Եվ բացի դա, բոլորը բանասեր կամ պատմաբան չեն դառնում, որ այդ առարկաները սովորեն։ Մարդը դառնում է ֆիզիկոս, քիմիկոս կամ այլ մասնագետ։ 

Նա պարտավոր է շատ լավ իմանալ իր ժողովրդի պատմությունը, լեզուն և գրականությունը, որովհետև այս երեքը կրում են ազգային հիշողություն։ 

Իսկ եթե մենք ազգային հիշողությունը կտրում ենք, ուրեմն տակը ուրիշ՝ վատ բաներ են մնում։

 Կոպիտ սխալ է նաև այս երեք առարկաների ուսուցումը բուհերի ցանկությանը թողնելը։ Դա նշանակում է լուրջ բաներին մատների արանքով նայել։ 

Ի դեպ, այս առարկաները բուհերում ոչ թե մեկ կամ երկու կիսամյակ պետք է դասավանդվեն, այլ 2-3 տարի և հիմնավոր ձևով։ Այս առարկաները հանելու, կրճատելու նախադրյալներից մեկն էլ այն է եղել, որ որոշ բուհերում դրանց ուսուցումը կրել է ձևական բնույթ։ 

Դրանց ուսուցումը բուհերում պետք է լրջացնել, պարտադիր դարձնել ստուգարքները և քննությունները»,ասում է Գասպարյանը։

Նա կարծում է, որ Հայաստանը Հարվարդի համալսարանի հետ համեմատելը մի քիչ լուրջ չէ այն առումով, որ Հարվարդի համալսարանի միայն մեկ տարվա ֆինանսավորումն այնքան է, որքան, օրինակ՝ Ռուսաստանի բոլոր բուհերի ֆինանսավորումը միասին վերցրած։ «Հայաստանի մասին էլ չեմ ասում։ 

Նրանք ուրիշ են, նրանց պահանջները ուրիշ են, դրանք միջազգային բարձրագույն կենտրոններ են, որոնք հասել են այդ մակարդակին։ Բացի դա, հարցը հետևյալ կերպ պետք է դնենք՝ մենք մասնագետ ենք պատրաստում Հայաստանի՞, թե՞ արտասահմանի համար։ 

Հայաստանի համար պատրաստված հայ մասնագետը պարտավոր է իր մայրենի լեզուն, գրականությունը և պատմությունը շատ լավ իմանալ, որովհետև այդ մարդը վաղը կամ մյուս օրը պատգամավոր, հանրային գործիչ է դառնալու։ 

Բա այդ գրագիտությունը չունենա՞»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Գրականագետը, սակայն, համաձայն է այն կարծիքների հետ, որ բուհերում հայոց լեզվի ուսուցմանը լրիվ այլ պահանջներ պետք է ներկայացվեն։ 

«Տարբեր ոլորտների մասնագետները պարտավոր են իմանալ իրենց մասնագիտական ոլորտի եզրույթաբանությունը, խոսքը տերմինների մասին է։ 

Իմանան և՛ միջազգային եզրույթները, և՛ դրանց հայերեն տարբերակները։ Եթե նրանք բուհում հայոց լեզու առարկան չեն անցնում, նրանց և՛ խոսքն է դառնում ոչ հայերեն, և՛ գիրը, և՛ եզրույթաբանությունը։ 

Այս սկզբունքով մայրենի լեզուն պետք է դասավանդել բոլոր բուհերում, ընդ որում՝ ոչ թե միասնական, նույն ծրագրով, այլ ամեն բուհ մասնագիտական իր յուրահատկությամբ պիտի տեղայնացնի, և մարդը վարժվի իր մասնագիտական ոլորտում հայերեն գրագետ խոսելուն»,-ասում է Գասպարյանը։

Նա ընդգծում է՝ լրջագույն խնդիր կա դպրոցներում մայրենիի, օտար լեզուների և առհասարակ մյուս առարկաների ուսուցման հարցում։ 

«Դպրոցներում լեզուների ուսուցման դրվածքը, մասնավորապես մայրենիի, ինչպես նաև օտար լեզուների ուսուցումը, պետք է բարձր մակարդակի վրա լինի։ 

Երեխան պետք է դպրոցն ավարտի և անթերի տիրապետի հայերենին, իսկ մյուս լեզուների պարագայում կարողանա հաղորդակցվել, կարդալ։ 

Մեզ մոտ, դժբախտաբար, դպրոցներն ավարտում են ոչ այդ իմացություններով։ Բուհ ընդունվողներն, իհարկե, պարապում են կրկնուսույցների մոտ, բայց դա հիշողության մեջ շատ չի մնում, ընդունվում են բուհ և մոռանում են, որովհետև տևական ուսուցում չի եղել։ 

Լեզվի և ընդհանրապես տարբեր առարկաների ուսուցումը մեր դպրոցներում լուրջ բնույթ չի կրում։ 

Կան, իհարկե, լավ դպրոցներ և ուսուցիչներ, բայց կան նաև մատների արանքով նայողներ։ Եթե ուսուցիչը ցանկացած գրական երկ չի կարդացել, նա այլևս չի պահանջում դա իր աշակերտից։ 

Մեր խնդիրը պետք է լինի՝ ամրապնդել դպրոցը, ազգային ոգին ուժեղացնել, ամեն ինչ անել, որ դա ծառայի հայ մարդու ազգային կերպարի խորացմանը, որովհետև այդ կերպարն է, որ նրան հայ է պահում այս վիթխարի աշխարհում, երբ գայթակղություններն անսահման են։ 

Տեսեք՝ «Իլիական» և «Ոդիսական» պոեմների համաձայն, Ոդիսևսը գնաց, մասնակցեց Տրոյական պատերազմին։ Երբ վերադառնում էր իր հայրենի երկիր՝ Իթակե, այդ ճանապարհին այնքան գայթակղությունների հանդիպեց. մեկն անմահություն էր խոստանում, մյուսը՝ հարստություն, և այսպես շարունակ։ 

Ամեն ինչ փորձեց ճանապարհին, բայց նրա նպատակն իր հայրենիք վերադառնալն էր։ 

Ահա, այսպես աշխարհն էլ լի է ամեն տեսակի գայթակղություններով, բայց մեր նպատակն այն է, որ ամեն հայ ծառայի Հայաստանի՝ իր հայրենիքի շենացմանն ու հզորացմանը»,եզրափակում է գրականագետ Դավիթ Գասպարյանը։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր «Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Եղանակը կցրտի 3-4 աստիճանով Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում (լուսանկար) Շմոլ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հուղարկավորությունը Նոր Հաճնում Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը․ ԱԱԾ Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի Եվրո-2020. որակավորման փուլի լավագույն ռմբարկուները «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մաս­նա­կի­ցը հաղ­թող է ճա­նաչ­վել ման­կա­կան «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մրցույ­թում Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ՈՒՂԻՂ. Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների երթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ» Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ» «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին
website by Sargssyan