Խուզարկել են Գորիսի քաղաքապետի տունը
ՔաղաքականՄեր տեղեկություններով խուզարկություններ են տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի տանը:
NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Գորիսում տեղի են ունեցել խուզարկություններ եւ հարցաքննություններ, սակայն որեւէ անձ դատավարական կարգավիճակ չունի, բացի այդ նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել` արդյոք այդ գործը կապված է քաղաքապետի անվան հետ, թե` ոչ:
Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Այսօր ArmDay.am կայքը «Ձերբակալվել են Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը» վերտառությամբ հերթական ստահոդ, զրպարտություն հանդիսացող ապատեղեկատվությունն է տարածել: Լրատվամիջոցի տարածած անհեթեթ տեղեկությունը որևէ կապ չունի իրականության հետ, որևէ ձերբակալություն չի եղել, այս պահին էլ աշխատանքի վայրում եմ: Անհասկանալի է նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառը: Հերքում եմ տարածված կեղծ լուրը և վերոնշյալ լրատվամիջոցին հորդորում որևէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը, իսկ եթե նշված հրապարակումը ոչ թե կեղծիք տարածելու միտումնավոր դրսևորում է, այլ պարզապես թյուրիմացություն, կարծում եմ, որ նշված նյութի հեղինակը կհերքի իր իսկ տարածած զրպարտությունը»: