Հայաստանում ուսուցիչների աշխատավարձի ոչ մի կրճատում կամ փոփոխություն չի նախատեսվում․ նախարար
ՔաղաքականՈւսուցիչների աշխատավարձի ոչ մի կրճատում կամ փոփոխություն, կապված Հայաստանում արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման հետ, չի նախատեսվում։ Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Խորհրդարանականները, մասնավորապես, նշեցին, որ սոցիալական կայքերում եւ որոշ ԶԼՄ-ներում գրվել է հեռավար ուսուցման գործընթացում չներառված ուսուցիչների աշխատավարձերի հնարավոր կրճատմանը վերաբերող մտահոգությունների մասին։
«Հեռավար ուսուցումը որեւէ կերպ աշխատավարձի հետ փոխկապակցված չէ։ Ուսուցիչների աշխատանքի համար վճարումը կլինի 100 տոկոսանոց»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակման 265 դեպք, առողջացել է 18 քաղաքացի։ Երկրում մինչեւ ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է սահմանված, որը մարտի 24-ին խստացվել է։