Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն. սեռական շահագործում, բռնաբարություն, շորթում
ОбществоԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու՝ 7-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, խարդախության՝ 4, գույքի դիտավորությամբ վնասման եւ ապօրինի ծառահատման՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, բռնաբարության, զենք-զինամթերքի առգրավման, մարդկանց առեւտրի կամ սեռական շահագործման, որսագողության, պետական սահմանն ապօրինի հատելու, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծեծի, սպանության սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու եւ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, ապօրինի ծառահատման եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: