«Մինչ օրս վերապրում եմ այդ զգացողությունները». Արփինե Կոշտոյան
LifestyleԱրփինե Կոշտոյանի ընտանիքում երեկ տոն էր. առաջնեկը դարձել է 2 տարեկան: Ոճաբանն ասել է՝ տան պայմաններում ամեն ինչ արել են, որ փոքրիկի օրն ուրախ անցնի: Արեգի նախասիրությունների, մեկուսացման օրերին ընտանիքի առօրյայի, ինչպես նաեւ նորաձեւության ոլորտում տիրող ճգնաժամի մասին Արփինեն պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել տղայի ծննդյան օրվա լուսանկարները:
Երազանքների երեխան
Արեգս արդեն 2 տարեկան է, եւ ինձ համար անհավատալի է, թե ինչ արագ անցան այս տարիները: Ամեն անգամ նրան նայելիս աչքիս առաջ է գալիս ծնունդը, հիշում եմ ամեն պահը, նրա գեղեցիկ ու թմբլիկ պատկերը: Մինչ օրս էլ հիշելիս վերապրում եմ այդ զգացողությունները: Նա իմ երազանքների երեխան է, եւ ես շատ էի հուզվել այդ օրը:
«Ինձ նման համառ է»
Աշխույժ է, չարաճճի եւ շարժուն, էներգիան երբեք չի սպառվում: Արտաքնապես նմանեցնում եմ մայրիկիս, համառությամբ՝ ինձ, իսկ տղամարդուն վայել ծանրակշռությամբ՝ ամուսնուս: Շատ հստակ բնավորություն ունի. գիտի, թե ինչ է ուզում, եւ շատ դժվար է նրան որեւէ բան համոզել: Սիրում է լավ երաժշտություն եւ ինտելեկտուալ խաղեր:
Չեղարկված ուղեւորություն
Շատ ավելի վաղ որոշել էինք որդուս տարեդարձն արտերկրում նշել, սակայն արտակարգ դրություն սահմանվեց, չեղարկեցինք չվերթն ու մնացինք տանը: Ընտանեկան փոքրիկ հավաքույթ էինք կազմակերպել, որին ներկա էին միայն իմ եւ ամուսնուս ընտանիքները:
Ձանձրույթի մասին
Ինչ խոսք, մեզ նման ակտիվ մարդկանց համար ահավոր է տանը մնալը: Բոլորս օրվա մեծ մասն աշխատում էինք, իսկ այս երկարատեւ դադարն անտանելի է: Առաջին մեկ շաբաթը լավ էր. կարողացանք հանգստանալ, բայց հետո սկսեցինք ձանձրանալ: Ամենատխուրն այն է, որ չգիտենք՝ մինչեւ երբ է այսպես շարունակվելու: Սկզբում առհասարակ տնից դուրս չէինք գալիս, իսկ հիմա՝ որոշ վերապահումներով:
ճգնաժամ
Նորաձեւության ոլորտը լուրջ ճգնաժամի մեջ է ամբողջ աշխարհում: Հետաձգվել են նորաձեւության շաբաթները, հեղինակային ցուցադրությունները, չվաճառվեց սեզոնային տեսականին, բոլոր ապրանքանիշերն ունեցան մեծ կորուստներ: Անհասկանալի է՝ կկարողանանք դուրս գալ այս ճգնաժամից, թե՝ ոչ: Այս անկանխատեսելի իրավիճակում մարդիկ ինչպես կարող են մտածել նորաձեւության մասին, երբ կա պարզապես գոյատեւելու խնդիր: