Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը… Է, ինչ եմ ասում: Սովորական առավոտ էր, ամենասովորականներից մեկը, որն ինձ համար սկսվում է ժամը յոթին կամ ութին՝ մի բաժակ դառը սուրճով, խոհանոցի բաց պատուհանի մոտ:
Թռչուններն ավետում են առավոտը, հուշում, որ լուր ես լսելու: Տեսնես` լա՞վ, թե՞ վատ լուր կլսեմ: Տեսնես՝ այս օրն ինչ է պատրաստել մեզ համար:
Նկատե՞լ եք՝ լուրերը սկսել ենք միանման ընկալել՝ անտարբերությամբ: Անտարբեր ենք թե՛ լավ, թե՛ վատ լուրերի նկատմամբ: Սկսել ենք նույն կերպ ընդունել թե՛ մարդու մահը, թե՛ հարսանիքը: Լինող բաներ են, պիտի լինեն:
Վերջին օրերին հատկապես շտապօգնության մեքենաների ձայներն ուղղակի հոգեհան են անում, անկախ քեզանից բժիշկների ու հիվանդների հետ գնում, հասնում ես հիվանդանոց՝ տեսնելու, թե արդյոք ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ…
Տատս ասում էր՝ թշնամիս հիվանդանոցի ու բանտի դռան մոտ չհայտնվի, թշնամուս նման տառապանք չեմ ցանկանա: Իսկ մենք, իսկ մենք ի՞նչ…
Մենք կորցնում ենք մեր սիրելիներին, մեր կյանքը, մեր ժամանակը, ամեն ինչ, բայց այդպես էլ չենք խրատվում, ապրում ենք նույն սխալները գործելով, նույն գաղջի մեջ մսխում ենք մեր կյանքը: Բոլորս չէ, բայց շատերս:
Մեր մանկության վայրերը վաղուց վերածվել են աղբանոցների, շատրվանները չեն գործում, որ կարողանաս թրջվել դրանց ջրով, մաքրվել մեղքերից, վերադառնալ մանկություն, որտեղ այնքան պարզություն կար, որտեղ չէինք քննարկում քաղաքականությունը, որտեղ մեզ համար ամեն ինչ մեկ էր, անտարբեր չէինք, բայց մեր հոգսը քաշող, տանող կար:
Ունեինք պաշտպաններ, թեթև քամին անգամ չէր կարող մեր կողքով անցնել, կյանքի՝ դառնությամբ լի ալիքները գալիս ու բախվում էին նրանց ու հետ քաշվում, անգամ դրանք չէին դիմանում այդ պատնեշին, ուժ էինք:
Հիմա մենք ենք տանում մեր հոգսը, մեկ-մեկ կես ճանապարհին ուժերը սպառվում են, գալիս է հուսահատության պահը, բայց այդ նույն ճանապարհին տեսնելով մյուս հուսահատվողներին՝ առաջ ենք շարժվում: Հանձնվելու իրավունք չունենք, չի կարելի, մեզ չեն ների իրենց կյանքը ժամանակից շուտ ավարտածները, մեր կյանքի համար կռիվ տվածները:
Տեսնես շտապօգնության մեքենան ո՞ւր հասավ: Բայց այդ մեկը չէր: Մեքենաները շատացել են, ուզում ես փակել ականջներդ, որ չլսես դրանց ձայնը: Ինչոր մեկի ծնողը, եղբայրը կամ քույրը, լավագույն ընկերն այլևս չկա, ինչ-որ մեկի կյանքում ոչինչ այլևս առաջվանը չի լինի, սև գիծը դեռ երկար կշարունակի հետապնդել նրան:
Այո, ժողովուրդն իրավամբ ասում է՝ մեռնողի հետևից ոչ ոք չի մեռնում: Հազար ու մի պատճառ կա ապրելու, եթե պետք լինի, մարդը հազարմեկերորդն էլ կհորինի, միայն թե ապրի, կյանքը քաղցր է: Չեմ հիշում՝ ով է ասել, բայց շատ տեղին խոսքեր են՝ մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում