Սերժի հեղափոխությունը Սփյուռքում
ՀասարակությունՕրերս Թումո լայվի հատուկ թողարկմանը հանրահայտ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանն, անդրադառնալով Հայաստանի թավշյա հեղափոխությանը, նշել էր, որ դա ամենամեծ նվերն էր հայ ժողովրդի վերջին հարյուրամյակների ընթացքում: Շատերն անշուշտ կարող են վիճարկել Թանկյանի այդ գնահատականն ու եզրակացությունը, և գուցե իրավացիորեն, քանի որ հայ ժողովուրդը բավականին բարդ և ողբերգական պատմությամբ հանդերձ, այդուամենայնիվ, նաև ունեցել է ծանրակշիռ հաջողություններ: Բայց Սերժ Թանկյանի պատասխաններում դա չէ էականը: Նա խոսել է մի առավել կարևոր բանի մասին: «Երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, ու ես վերադարձա Լոս Անջելես, և բոլորն ինձ հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, իմ առաջին ու անկեղծ արձագանքն այն էր, որ մենք ունեցանք հեղափոխություն Հայաստանում, հիմա ժամանակն է, որ անենք դա Սփյուռքում։ Մեզ պետք է նոր հայացք՝ նայելու Հայաստանին, մեր ժողովրդին, մեզ պետք է Հայաստանի հետ կապվելու նոր եղանակ»,- ասել է Սերժ Թանկյանը: Թանկյանը Հայաստանում թավշյա հեղափոխության, այսպես ասած, ուղեկցող դեմքերից, անգամ «բրենդներից» մեկն էր, որը հաղորդում էր գործընթացին մեծ էներգետիկա: Նա անգամ հայտարարեց Հայաստանում տուն գնելու և տարվա մի զգալի մաս այստեղ գտնվելու, այստեղ աշխատելու մտադրության մասին: Բայց ներկայումս հարցն այն չէ, թե ինչ փուլում է այդ մտադրությունը: Առավել ևս, որ ընդհանրապես այստեղ կա նաև էական խնդիր:
Հիանալի է, երբ մեր հայրենակիցները տուն են ձեռք բերում Հայաստանում, բայց դա, լինելով բարոյական ոգևորության աղբյուր, զուտ տնտեսական ազդեցության իմաստով այնքան էլ նպաստավոր չէ, քանի որ բերում է անշարժ գույքի գների արհեստական աճի, ինչը բարդություններ է ստեղծում արդեն Հայաստանում մշտապես ապրող ընտանիքների համար՝ հաշվի առնելով այն, որ հայաստանյան բնակֆոնդի ճնշող մեծամասնությունն էլ բավականին հին է և գրեթե մեծ մասն ունի բնակարանի թարմացման, նաև ընդլայնման խնդիր: Ըստ այդմ, երբ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերության մասին, ապա հեղափոխությունն ամենևին պետք չէ արտահայտել Հայաստանում տուն գնելով՝ եթե դա չի ենթադրում պարզապես նաև տեղափոխում Հայաստան և մշտական բնակության հաստատում այստեղ: Շատ ավելի կարևոր է հենց այն հեղափոխությունը, որի մասին խոսում է Սերժ Թանկյանը: Եվ դա ամենևին այն հեղափոխությունը չէ, որ տեղի է ունեցել Հայաստանում: Այսինքն՝ խոսքը դրա օրգանական շարունակության մասին չէ, քանի որ Սփյուռքում դա հնարավոր չէ ուղղակի առկա իրողությունների բերումով: Պետք է պարզապես մտածողության, Հայաստանի հանդեպ վերաբերմունքի և այդ վերաբերմունքի համատեքստում նաև սեփական կյանքում Հայաստանի դերի վերարժևորման հեղափոխություն:
Այլ կերպ ասած, Սփյուռքում, թերևս, խոսքը որոշակի պայմանականությամբ, բայց գուցե ինքնության հեղափոխության մասին է, որ փոխադարձաբար ամրացնելու է Հայաստանն ու հենց Սփյուռքը: Այդ ամբողջության մեջ է բնականաբար նաև Արցախը: Դա նշանակում է գաղափար, գաղափարներ, աշխատանք, գործողություններ, նախաձեռնություններ: Ո՞վ պետք է Սփյուռքում առաջնորդի այդ հեղափոխությունը: Հայաստանը պետք է լինի գաղափարական աջակից, ոգեշնչող, ոգևորող, էներգետիկ աղբյուր, բայց առաջնորդները պետք է այլ լինեն, որովհետև հեղափոխության բնույթն է այլ լինելու: Սերժ Թանկյանն ինքը կառաջնորդի՞ Սփյուռքի հեղափոխությունը, ստանձնելով երկարաժամկետ պատասխանատվություն այդ մեծ վերափոխման գործընթացի համար, գտնելով, իհարկե, այդ գործում ամենատարբեր համախոհներ: Դա շատ ավելի կարևոր է, քան տունը Հայաստանում, քան Հայաստանի հեղափոխության որևէ երկրպագություն: Այդ ամենի ժամանակն անցել է, այժմ կոնկրետ և առարկայական գաղափարների ու նախաձեռնությունների ժամանակն է: