«Երբ սիրելի գործով ես զբաղվում, տարիքդ չես զգում». Նունե Եսայանը` ծննդյան 51-ամյակի և ծնողների` կորոնավիրուսով վարակվելու մասին
LifestyleԵրգչուհի Նունե Եսայանը երեկ նշել է ծննդյան 51-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ երեկվա օրը հրաշալի տրամադրությամբ է սկսել:
«Առավոտյան գնացինք Ջրվեժի եկեղեցի և մատաղ արեցինք, քանի որ ծնողներս վարակվել էին կորոնավիրուսով և բուժվել: Հետո գնացինք նրանց տուն, այնտեղ անցկացրինք օրս` ընտանիքիս անդամների հետ: Անակնկալներ չեմ ունեցել, բայց նվերներ եմ ստացել, որոնց մասին խոսել չեմ ուզում. ուրախ եմ, որ ինձ համար կարևոր մարդիկ այսօր կողքիս են»,-ասաց նա:
Նունեի խոսքով` իր տոնական տորթի մոմերը վաղուց երեխաներն են փչում, ինքն էլ երազանք է մտապահում: Այս տարի մտապահելու է, որ Աստված պահպանի այն, ինչ ունի:
Երգչուհին 51 տարեկան է, բայց, ըստ նրա, իրեն ֆիզիկապես 40 տարեկան է զգում: «Հոգեպես ինձ ավելի փոքր եմ զգում, 30 տարեկան եմ: Չեմ կարծում, որ տարիքը նեղսրտելու պատճառ է, հակառակը` ամեն տարին պետք է վայելել: Շատերը չեն սիրում իրենց ծննդյան օրը, բայց ես սիրում եմ, քանի որ լույս աշխարհ եմ եկել, լավ կյանք, երեխաներ, ընտանիք, հարազատներ ու սիրելի աշխատանք ունեմ: Երբ սիրելի գործով ես զբաղվում, տարիքդ չես զգում, անընդհատ բեմում ես լինում ու մարդկանցից լիցքավորվում: Հանդիսատեսիս չափազանց կարոտել եմ, առանց իրենց շնչահեղձ կլինեմ, իրենք իմ ամեն ինչն են»:
Նունեն ասաց, որ անցած տարին իրեն շատ բան է տվել. կարանտինի շրջանում շատ գործիքավորողներ ազատ են եղել ու կարողացել է երգեր ձայնագրել. «Նախկինում բարդ էր ազատ գործիքավորի գտնելը, երգերի ձայնագրումը ձգձգվում էր: 50-ում ունեցա 4 տեսահոլովակ, շատ նոր երգեր, լավ տարի էր,-ասաց նա և այս տարի իրեն առողջություն ու համբերություն մաղթեց. -Երգելու ցանկությունն ու հնարավորությունը պակասել է, համաճարակային իրավիճակն ազդել է տրամադրությանս վրա: Այս տարվա հետ նպատակներ չեմ կապում, բայց մյուս տարի հուսով եմ` կկարողանամ ամբողջ աշխարհով համերգային շրջագայություն ունենալու ցանկությունս իրագործել: Ուզում էի 50-ամյակիս անել, բայց չստացվեց»:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ