«Անս­խա­լա­կա­նու­թյան սինդ­րո­մը գնա­լով ավե­լի ինս­տի­տու­ցի­ո­նալ բնույթ է կրում»․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անսխալականության սինդրոմն ու պրոֆեսիոնալիզմի խնդիրն այն հիմնական բաղադրիչներն են, որոնք, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի, նպաստում են հասարակություն-իշխանություն կապի խզմանը: «Իշխանության ղեկավարը վերջերս «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ» վերնագրով հոդված հրապարակեց, որի հիմնական իմաստն իրականում նույն անսխալականությունն էր: Հիմա երկիրը բավականին ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է: Տնտեսության որոշ ճյուղեր դեռ չեն աշխատում, չկա նաև վերաբացման հույս: Զուգահեռ՝ կան համաճարակի թողած հետևանքները: Հաշվի առնելով այս խնդիրները՝ ընդդիմությունը քննադատում է իշխանություններին: Մի բան, որն իշխանություններին ամենևին դուր չի գալիս: Նորմալ, քաղաքակիրթ երկրներում, երբ ընդդիմությունը քննադատեր, օրինակ՝ կրթական նոր չափորոշիչները, իշխանությունները փաստարկներ կբերեին:

Բայց քանի որ Հայաստանի իշխանավորները և գլխավոր իշխանավորն անսխալականության սինդրոմ ունեն, քննադատությունների հանդեպ հատուկ վերաբերմունք են դրսևորում: Քանի որ որևէ կոնկրետ փաստարկ, հիմնավորումներ չեն կարողանում բերել, քննադատությունը տեղափոխում են անձնական տիրույթ՝ սկսելով վիրավորանքներ հնչեցնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալ յանը՝ նշելով, որ քաղաքական դիսկուրսի մակարդակն իջնում է այն ժամանակ, երբ քաղաքական հարցեր չեն քննարկվում: «Այս ամենը փաստում է, որ իշխող ուժն առհասարակ այլևս չունի այն փաստարկները, որոնցով կապացուցի իր կողմից վարվող քաղաքականությունը: Իսկ ոչ քաղաքական հարցերի շուրջ նման դիսկուրսը կշարունակվի այնքան, որքան ընդդիմադիր ուժերից մեկը կամ մի քանիսն իրենց քաղաքական օրակարգում քաղաքական հարցեր առաջ չքաշեն:

Եթե իշխանությունը քաղաքական հարցեր առաջ քաշի, քաղաքական պատասխաններ կստանա, բայց երբ անցնում է անձնական վիրավորանքների դաշտ, բնականաբար, ընդդիմադիրները չեն կարող այդ վիրավորանքն անպատասխան թողնել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը չի կարող քաղաքական հարցեր առաջ քաշել, որովհետև իրականում Հայաստանը զարգացման ռազմավարություն չունի, և դրա շուրջ անգամ պատկերացում չկա: Հախուռն որոշումներով, օրվա կուրսով ապրող իշխանություն է, և ամենակարևոր հարցը բացառապես իշխանության մնալն է: Նման իշխանությունը չի կարող քաղաքական մտքեր հնչեցնել, հիմքում «մենք ճիշտ ենք, բոլորը սխալ են» տրամաբանությունն է: Իշխանությունն արդեն իր գործողություններով է ցույց տալիս, որ իրականում որևէ բարեփոխում չկա:

Երկու տարվա մեջ որևէ բարեփոխում չլինելու մասին արդեն հայտարարում են այն ուժերն ու անձինք, ովքեր ժամանակին քննադատում էին նախկին իշխանություններին, պաշտպանում այսօրվա իշխանություններին ու ավելի քան երկու տարի առաջ կանգնած էին նրանց կողքին: Միևնույն ժամանակ՝ լիարժեք չեն կարողանում քննադատել, որովհետև կստացվի, որ երկու տարի առաջ իրենք էլ են մաս կազմել հասարակությանը խաբելու գործընթացին: Այդուհանդերձ, արդեն կամաց-կամաց մի կողմ են քաշվում, որովհետև տեսանելի է դառնում, որ նպատակն ընդամենը իշխանությունը պահելն է, և որևէ այլ խնդիր չկա: Ու քանի դեռ ընդդիմադիր գործիչները չեն կարողացել գրագետ գործողություն իրականացնել իշխանություններին հեռացնելու ուղղությամբ, այս իրավիճակը կշարունակվի»,ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է իշխանության՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությանը, Ա. Բադալ յանը շեշտեց. «Սա քաղաքական դիսկուրսը առօրեական խնդիրներից շատ ավելի հեռու տանելն է: Այսօրվա խնդիրները լուծելու փոխարեն իշխող ուժը հարցերը տեղափոխում է 2050 թիվ՝ շատ լավ հասկանալով, որ 2050 թ.-ին ո՛չ իշխանություն, ո՛չ էլ ընդդիմություն է լինելու: Մինչդեռ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, բայց մենք ի՞նչ ենք տեսնում. քանի որ այժմյան հարցերը չի կարողանում լուծել, այդ չկարողանալու խնդիրը շատ գեղեցիկ PR բաղադրիչներով սկսում է տեղափոխել 2050 թիվ:

Սա օրակարգային հարցերը լուծել չկարողանալու ինչ-որ փորձ է, առօրեական խնդիրները մեկ այլ հարցով փոխարինելու քաղաքականություն: Հիմա խնդիրն այն է, թե ընդդիմադիր ուժերը կսկսե՞ն արդյոք մինչև 2050 թ.-ի ծրագրերը քննարկել, թե՞ կմնան առօրյա խնդիրների քննարկման տիրույթում: Առկա խնդիրների լուծման իրենց ծրագրերը կներկայացնե՞ն, թե՞ կուլ կտան PR խայծը: Եթե գրագետ գտնվեն, բնականաբար, այդ ֆիկտիվ հայեցակարգը չեն քննարկի»: Քաղտեխնոլոգի խոսքով, իշխանությունը գնալով ավելի արագ է կտրվում հասարակությունից: «Շատ ավելի արագ, քան նախորդ իշխանությունները:

Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայությունն ու վերոնշյալ անսխալականության սինդրոմով տառապելու գործոնները միասին հանգեցնում են մի իրավիճակի, երբ իշխանության բոլոր քայլերը հասարակության կողմից ոչ միանշանակ են ընդունվում: Արդյունքում իշխանություն-հասարակություն կապի խզում է առաջանում: Այժմ իշխանություն-հասարակություն կապի խզման գործընթաց կա, որը խորանում է պրոֆեսիոնալիզմի բացակայության ու հատկապես գլխավոր իշխանավորի անսխալականության սինդրոմի պատճառով: Իրականում պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ի սկզբանե է եղել:

Բայց քանի որ այդ ամենին գումարվում է իշխանության անսխալականության սինդրոմը, և ոչ պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալով չի փոխարինվում, դա խորացնում է հասարակական դժգոհությունը: Եթե անսխալականության սինդրոմը չլիներ, բնականաբար, իշխող քաղաքական ուժը ոչ պրոֆեսիոնալին պրոֆեսիոնալով կփոխեր: Բայց արդեն այդ սինդրոմը կա, ու, բնականաբար, իրենց թվում է, որ իրենք շատ ճիշտ են, ու իրենց քննադատողներն են սխալ: Թե՛ 2018-ին և թե՛ հաջորդող ընտրություններին իշխանությունհասարակություն կապը շատ ուժեղ էր, բայց ընտրություններին գրանցած գլխապտույտ հաջողություններից հետո առաջ եկավ անսխալականության սինդրոմն ու սկսեց կամաց-կամաց ամրապնդվել:

Իսկ այսօր անսխալականության սինդրոմը գնալով ավելի ինստիտուցիոնալ բնույթ է կրում»,-շեշտեց մեր զրուցակիցը: Արմեն Բադալ յանը հավելեց՝ այս պայմաններում այլևս պրոֆեսիոնալներին լսելու կարիք չունեն, որովհետև ոչ պրոֆեսիոնալներին համարում են ճիշտ, պրոֆեսիոնալներին՝ սխալ: «Այս ամենի հետևանքով հասարակության մեջ դժգոհության առիթներ են ստեղծվում, և իշխանությունն ու գլխավոր իշխանավորը սկսում են հասարակությունից կտրվել:

Եվ այդ պատկերի մեջ կարող ենք տեսնել, որ, օրինակ՝ կրթական չափորոշիչների դեմ արտահայտվող անձինք, որոնք իրենց բնագավառում հեղինակություն ունեն, կարող են որակվել որպես խավարամիտներ: Այս ամենն ու մի շարք այլ հայտարարություններ ցույց են տալիս, որ իշխանությունը ամբողջովին կտրվում է հասարակությունից: Կարծում են, թե իրենք ճիշտ են, իսկ «խավարամիտ» հասարակությունը, «բութ ու սրիկա» լինելով, չի գնահատում իրենց»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 43 հերոսների անունները Զինվորագրված հերոսների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ /տեսանյութ/ Հրդեհ՝ Սարուխան գյուղում Այս կռվում թող մեզանից ոչ ոք չպակասի. «Հաղթենք ու ապրենք հանուն հայրենիքի». Արման Վարդանյան 50 զոհ, 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ. Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից. 168.am ՌԴ-ն Ճապոնական ծովում զորավարժությունների ժամանակ թևավոր հրթիռներ է արձակել Ընտրածդ բարձունքը շատ-շատ հեռացրեց մեզ Սամ ջան, ա'յ «Պստիկ Կամանդիր ջան». Արմինե Պողոսյանը՝ զոհված Սամվել Մանասերյանի մասին Օդային տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ Բաքուն չլսեց Լավրովին ու Շոյգուին, կլսի՞ Պոմպեոյին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Հայոց պետականության պաշտպանները /լուսանկարներ/ Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ ոչնչացնելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն« մեդալներով ՊԲ-ն Իշխանաձորի հատվածում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Այդ «կապը կտրած» Գյանջան Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա. Որ երկրներն են միացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Սուրենյանը` Թուրքիայի փոթորիկի մասին
website by Sargssyan