ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Հասարակություն
Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա: Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով:
ՀՀ ԱԱԾ