«Մենք պատրաստ ենք մեր երեխեքին փնտրելու՝ կապ չունի մահացած են, կտրտված, թե ողջ, մենք վատթարագույնին ենք պատրաստ»
Հասարակություն«Հոկտեմբերի 7-ից մինչև հիմա տղես չկա: Ոչ մի տեղեկություն չունեմ իրենից, մենակ գիտեմ, որ 3 դիրք են գրավել ու արկ ա ընկել, տղայիս ոտքերը, ճիշտ ա, չկան, բայց ինքը ողջ ա եղել: Տղայիս ընկերները ցանկացել են օգնել, բայց ասել են՝ մի՛ օգնեք, թիկունքից հիմա կգան կօգնեն, ու այդպես էլ ոչ մեկ չի եկել»,- այս մասին ասաց անհետ կորած Նարեկ Գևորգյանի հայրը, որը Կառավարության դիմաց փորձում է ինչ-որ տեղեկություն ստանալ իր որդուց:
Վերջինս նշեց, որ բոլորն էլ գիտակցում են, որ պատերազմ է, կարող է նման բան պատահել, բայց պետք է քայլեր ձեռնարկվեն երեխաներին գտնելու ուղղությամբ. «Այսօր ամեն ծնող մեկի դուռն ա գնում, որ մի հատ նորություն իմանա, ոնց որ ասում են մի չնչին նորությունն էլ մեր համար մեծ բան ա: Ես հրամանատարությանը ասել եմ, որ իրենց հետ պետք է մտնեմ Ջաբրայիլ մեր երեխեքին փնտրեմ իրենց հետ, կապ չունի տղաս սաղ կլինի, թե չէ»,- նշեց անհետ կորած զինվորի հայրը:
Լրագրողների հետ զրույցում, նա նաև նշեց, որ ռուսական խաղաղապահների հետ պետք է նաև իրենք մտնեն այդ տարածքները՝ երեխաներին փնտրելուն. «Ես այսօր ոչ մեկին չեմ վստահում, որ մտնեն մեր երեխեքին հանելու: Այսօրվա դրությամբ մեզանից լավ ոչ մեկ չգիտի տեղանքը, որ մտնի մեր երեխեքին հանի: Մենք հիմա պատրաստ ենք մեր երեխեքին փնտրենք, կապ չունի մահացած կլինեն, կտրտված կլինեն, թե սաղ կլինեն, մենք վատագույնին ենք պատրաստ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ արդեն քանի որ է, ինչ անհետ կորած զինվորների ծնողները, ՊՆ-ի, Ռուսաստանի դեսպանատան և Կառավարության դիմաց փորձում են տեղեկություն ստանալ իրենց երեխաներից: