Փաշինյանի հրաժարականի հանրային ճնշում կլինի, պարզապես դա ժամանակի հարց է. Գարեգին Միսկարյան
Քաղաքական«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի կարծիքով՝ եթե հանրային ճնշում լինի և քաղաքացիները դուրս գան փողոց, այդ դեպքում հնարավոր կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում գործադրել և ստիպել, որ նա հրաժարական տա: Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների կողմից վարչապետի հրաժարականին հասնելու քայլերին, ապա դրանք այնքան էլ արդյունավետ չեն լինի, քանի որ թե՛ ԲՀԿ-ն և թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչապետի սեփական թեկնածուներն ունեն և չեն կարողանա միասնական օրակարգ ձևավորելով հասնել Փաշինանի հրաժարականին: Ինչ վերաբերում է խորհրդարանական կուսակցությունների հետ հուշագիր ներկայացնելու առաջարկին, ապա Գ. Միսկարյանի կարծիքով դա խոսում է այն մասին, որ Փաշինյանը վստահ չէ, որ իր թիմի անդամներն այլ թեկնածուի չեն ընտրի, ուստի դա է հուշագիր ստորագրելու նպատակը եղել: «Այս ամենը խոսում է այն մասին, որ ամբողջ թիմի հանդեպ վստահություն չկա: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, Փաշինյանը մտավախություն ունի, որ իր թիմում կարող են լինել այնպիսիք, որոնք կընդդիմանան իրեն: Մյուս կողմից պետք է արտահերթ ընտրությունների հանրային պահանջ լինի, հակառակ դեպքում՝ Փաշինյանը կարող է մտածել, որ եթե նման պահանջ չկա, ապա իր հրաժարական տալու իմաստ էլ չկա: Սակայն, ես կարծում եմ, որ հանրային ճնշում կլինի, պարզապես դա ժամանակի հարց է, քանի որ առանց քաղաքական դաշտի առողջացման հնարավոր չի լինի առաջ գնալ: Պարզապես, հարցը կայանում է նրանում, թե որ քաղաքական ուժին կհաջողվի ստանձնել այդ պատասխանատվությունը և ու հետևից կգնա հասարակությունը»,- Orer.am ի հետ զրույցում ասաց Գ.Միսկարյանը:
Արմինե Գրիգորյան