Օդապարիկ. ինչպե՞ս մարդն սկսեց «թռչել»․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Երկար տարիներ մարդկանց անհասանելի ցանկություններից մեկը եղել է թռչելու կամ գոնե օդ բարձրանալու հնարավորությունը: Ինչ գյուտեր ասես չեն եղել դա իրականացնելու համար: Մի անգամ արձանագրվել է փաստ, որ ոչ ծանր իրերը տաք օդի ազդեցությունից կարող են վեր բարձրանալ: Հենց դա էլ խթան է հանդիսացել օդագնացության զարգացման համար: Համարվում է, որ աշխարհի առաջին օդապարիկը ստեղծվել է 1783 թվականին: Ինչպե՞ս է եղել դա: Դեռևս 16-17-րդ դարերում են հայտնվել առաջին օդապարիկների նախատիպերը, որոնք գործնականում այդպես էլ իրենց «ցույց չեն տվել»: Զուգահեռաբար 1766 թվականին քիմիկոս Հենրի Քավենդիշը մանրամասն նկարագրել է ջրածին գազի հատկությունները. գազն օգտագործվում էր իտալացի ֆիզիկոս Թիբիո Կավալլոյի կողմից օճառի պղպջակների հետ փորձերում: Նա լցնում էր պղպջակները այդ գազով, և նրանք արագորեն վեր էին բարձրանում, քանի որ ջրածինը 14 անգամ ավելի թեթև է օդից:
Նման կերպ հայտնվել են վերհան հիմնական երկու գործոնները, որոնք օգտագործվում են անգամ ժամանակակից օդապարիկներում` ջրածինը և տաք օդը: Սակայն դա չէր լուծում թռիչքի բոլոր խնդիրները: Օդապարիկ ստեղծելու համար անհրաժեշտ էր այնպիսի հատուկ նյութ, որը պետք է չափազանց ծանր չլիներ, և միաժամանակ կարողանար գազը պահել ներսում: Գիտնականներն ու գյուտարարները այս գործը իրականացրել են տարբեր ձևերով: Ավելին, միանգամից մի քանիսն են պայքարել առաջնայնության համար, որոնցից հիմնականը եղել են Ժակ-Էթյեն և ԺոզեֆՄիշել Մոնգոլֆիե եղբայրները, ինչպես նաև ֆրանսիացի հայտնի պրոֆեսոր Ժակ Ալեքսանդր Չարլզը: Մոնգոլֆիե եղբայրները հատուկ գիտելիքներ չեն ունեցել գազերի հատկությունների և բնութագրերի վերաբերյալ, բայց նրանք ունեցել են թռչելու մեծ ցանկություն:
Սկզբում նրանք փորձել են դա անել ծխի և գոլորշու միջոցով, հետո փորձեր են արել ջրածնով, բայց բախվել են գազի արտահոսքը կանխող հատուկ գործվածքի բացակայության խնդրին: Քանի որ ջրածինը բավականին թանկ էր, եղբայրները վերադարձել են տաք օդով փորձարկումներին: Առաջին օդապարիկը ստեղծվել է 1782 թվականին: Մոնգոլֆիե եղբայրները այդ օդապարիկը շատ փոքրիկ են պատրաստել՝ ընդամենը 1 խորանարդ մետր ծավալով: Բայց, այնուամենայնիվ, այն արդեն իսկական օդապարիկ էր, որը բարձրացել է գետնից ավելի քան 30 մետր: Շուտով գյուտարարները ստեղծել են երկրորդ օդապարիկը: Դա արդեն շատ ավելի մեծ է եղել, քան իր նախորդը՝ 600 խորանարդ մետր ծավալով և 11 մետր տրամագծով: Օդապարիկի նյութ է դարձել ներսից թղթով սոսնձված մետաքսը:
Օդապարիկի հանդիսավոր մեկնարկը մեծ լսարանի ներկայությամբ իրականացվել է 1783 թվականի հունիսի 5-ին: Օգտագործելով տաք օդը՝ օդապարիկը բարձրացվել է մինչև 2 հազար մետր բարձրության: Այդ ժամանակվանից սկսած՝ օդապարիկները, որոնք օգտագործում են տաք օդ, սկսել են անվանվել իրենց գյուտարարների անունով` Մոնգոլֆիե եղբայրների տաք օդապարիկ: Մոնգոլֆիե եղբայրների նման նվաճումը դրդել է Ժակ Ալեքսանդր Չարլզին արագացնել իր՝ ջրածնով օդ բարձրացող օդապարիկի ստեղծման աշխատանքը: Նրան հաջողվել է պատրաստել 3,6 մ տրամագծով մետաքսե օդապարիկ, որը ներսից պատված էր ռետինով: Հատուկ սարք է ստեղծվել նաև գազի ստացման համար:
Առաջին ջրածնային օդապարիկը օդ է բարձրացել 1783 թվականի օգոստոսի 27-ին: Դա տեղի է ունեցել Շամ դե Մարսի վրա: Երկու հարյուր հազար մարդու աչքի առաջ օդապարիկն այնքան է բարձրացել, որ այլևս տեսանելի չի եղել ամպերի հետևում: 1 կմ անցնելուց հետո ջրածինը սկսել է ընդլայնվել, ինչի արդյունքում օդապարիկը պայթել է և ընկել Փարիզի մերձակայքում գտնվող մի գյուղում: 1783 թվականից սկսած՝ ջրածնային օդապարիկները սկսել են կոչվել Չարլզի անունով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում