Ի՞նչ կապ ունի մաջոնգ խաղը Կոնֆուցիոսի և Նոյի հետ․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Մաջոնգ խաղն այսօրվա համբավին է հասել շնորհիվ իր համակարգչային վարկածի և տարածված է համացանցի հսկայական թվով օգտատերերի շրջանում: Խաղը դուր է եկել ոչ միայն այն գրասենյակային աշխատողներին, որոնք դեմ չեն ժամանակ սպանելուն, այլ նաև դարձել է Հարավարևել յան Ասիայում ամենատարածված խաղերից մեկը: Մաջոնգ խաղի պատմությունը սկսվել է հեռավոր անցյալում: Այն տարատեսակ անուններ է ունեցել մոլորակի տարբեր հատվածներում:
Օրինակ՝ բուն Չինաստանում, որը հենց խաղի հայրենիքն է, այն կոչվել է մաջոնգ, որը թարգմանվում է որպես «ճնճղուկ»: Ռուսաստանում այն ավելի հայտնի է եղել «չինական դոմինո» անվանումով, իսկ եվրոպական երկրներում` «Շանհայի փասիանս»: Այս խաղի ծագման մի քանի վարկած գոյություն ունի: Ըստ մի վարկածի, այն հորինել է մի չինացի ձկնորս, որպեսզի շեղվի նավարկության ընթացքում նյարդայնացնող ծովային հիվանդությունից: Մեկ այլ վարկածի համաձայն, մաջոնգը ստեղծել է մեծ Կոնֆուցիոսը, որով էլ, ենթադրաբար, բացատրվում է այդ խաղի՝ «ճնճղուկ» անունը, քանի որ մեծ մտածողին միշտ էլ դուր են եկել այդ թռչունները:
Նույնիսկ զարմանալի խոսակցություն կա, որ մաջոնգ խաղացել են Նոյի տապանում Մեծ ջրհեղեղի ժամանակ: Բայց գիտնականները հակված են հավատալ, որ իրականում խաղը հայտնվել է 19-րդ դարից ոչ շուտ: Մոտավորապես այդ ժամանակ են գաղութարարները մաջոնգը Չինաստանից տարել Եվրոպա, և այն արագորեն սկսել է տարածվել ամբողջ աշխարհով մեկ՝ դառնալով հանրահայտ: Անգամ մաջոնգի տարբեր մրցույթներ են հայտնվել, ընդ որում, այնպիսի լուրջ մրցանակներով, որ, ըստ մասշտաբի, համեմատելի են պոկերային մրցաշարերի հետ: Ներկայումս այդ խաղի տարատեսակները բազմաթիվ են: Այն մաջոնգը, որը առկա է համակարգչային տարբերակով, մեղմ ասած, իրական խաղը չէ:
Այն ավելի շատ նման է մանկական փասյանսի, որի օգնությամբ զարգանում է հիշողությունը, տրամաբանությունը և մտածողությունը: Բայց իրական մաջոնգը, որը լայն տարածում ունի, 4 անձի համար նախատեսված սեղանի խաղ է և իր մեջ ներառում է պոկերի և դոմինոյի տարրեր: Այնուամենայնիվ, մաջոնգի ցանկացած տարբերակ խաղալիս պետք է օգտագործել դիտարկման, տրամաբանության և հիշողության ամբողջ կարողությունը, ինչը, անկասկած, խաղը դարձնում է ավելի հետաքրքիր և զարգացող: Եվ հենց դա է այդ խաղի մասսայականության և հաջողության գաղտնիքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում