«Լոսինա». տղամարդկանց հերթական հագուստը, որ կանայք «գողացել են». «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Պատկերացրեք, որ լոսինաները (կամ լեգգինսները, ինչպես դրանք անվանում են) կանայք «գողացել» են տղամարդկանցից այնպես, ինչպես նախկինում վարվել են տաբատների ու շորտերի, վերնաշապիկների ու ֆուտբոլկաների հետ: Լոսինան կամ լեգգինսը (անգլերեն leggings՝ leg–ոտք բառից, իսկ ռուսերենում՝ лось- որմզդեղն բառից) ձգվող տաբատ է: Ի սկզբանե «լոսինա» են անվանվել տղամարդու տաբատների այն տեսակները, որոնք պատրաստված են եղել որմզդեղնի կաշվից, և որոնք 17-րդ դարում կիրառվել են որպես զինվորական համազգեստի տարրեր:
Այդ ժամանակ դրանք կրել են միայն տղամարդիկ՝ որպես ցրտից պաշտպանվելու միջոց: Լոսինաների նախորդները, ըստ նորաձևության մասնագետների, եղել են կաշվե գամաշները, որոնք կրել են Հյուսիսային Ամերիկայի հնդիկները: Այսպիսով, լոսինաների պատմությունը Եվրոպայում սկսվել է միջնադարից:
Բացի որմզդեղնի կաշվից, դրանք կարվել են նաև եղնիկի կաշվից, հետագայում նաև զամշից` թավշակաշվից: Դրանք շատ նեղ են եղել, որի պատճառով էլ հագել են խոնավ վիճակում` չորացնելով հենց մարմնի վրա: Դա շատ անհարմարավետ է եղել և առաջացրել է մաշկի հարվածք: Ռուսաստանում լոսինան հայտնվել է 18-րդ դարի կեսերին, երբ հետևելով Պրուսական բանակի օրինակին՝ այն մինչև 1917 թվականը կիրառվել է որպես զինվորական համազգեստի տարր: Միջնադարի լոսինաները հիմնականում չեզոք գույներ են ունեցել (մոխրագույն, սև, սպիտակ), բայց մեր ժամանակներում դրանք շատ արագ զարմանալիորեն փոխակերպվել են՝ ստանալով ավելի պայծառ գույներ (կապույտ, կարմիր, բաց կանաչ, ուլտրամանուշակագույն, նեոն և այլն): Դեր են խաղացել տպագրությունները և ֆանտաստիկ նախշերը:
1980-ականների դիզայներները շատ արագ հասկացել են, որ լոսինաները տարբեր ոճերի հարմարեցնելը պարզ ու հեշտ է: Կարելի է այն կրել թե՛ գործնական, թեթև, թե՛ ծանր կոշիկներով, նրանք անգամ լավ տեսք ունեն ռոմանտիկ շրջազգեստի հետ և այլն: Անգամ կարելի է այն հաստ ձմեռային զգեստի հետ համադրել: Երիտասարդները, առանց երկար-բարակ մտածելու, արագ ընկալել են այդ նոր միտումը, և Եվրոպայի փողոցները լցվել են լոսինաներով: Հետո դրանց պատմության մեջ նոր փուլ է սկսվել 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Սա մի այնպիսի ժամանակաշրջան էր, երբ լոսինաները կարողացել են «ինքնահաստատվել»՝ հայտնվելով Միլանի, Լոնդոնի, Փարիզի և Նյու Յորքի նորաձևությունների ցուցադրություններում:
Սակայն դրանք արդեն շատ ավելի «համեստ» են դարձել: 1990-ականներին լոսինաները այլևս ոչ թե որպես տաբատ էին, այլ ավելի շատ նմանվել էին զուգագուլպաների: Եթե 1960-ականներին դրանց արտադրելու համար օգտագործվում էին սինթետիկ թելեր, ապա ներկայումս սկսել են հաճախակի օգտագործել բամբակ, թավիշ, այդ թվում՝ էլաստինի հավելումով: Լոսինան հիանալի ձգում է մկանները և հաղորդում տոնուսի զգազողություն: Ներկայումս մուգ կապույտ, մոխրագույն, շագանակագույն և սև գույներն են դարձել սիրված այդ զգեստի համար, թեպետ խայտաբղետ լոսինաների պակաս էլ չկա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում