Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի մասնակցում «ընտրություններ» կոչվող ֆարսին
ПолитикаՀոկտեմբերի 17-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցում։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կուսակցությունը հաջողությամբ վերականգնում է իր տարածքային մարմինները, տեղերում գույքագրում և իրական անդամների գույքագրում իրականացնում՝ պատրաստվելով հետագա ընտրություններին։ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը որոշակի շրջանակներ փորձում են բացատրել իբր ԲՀԿ-ի թուլությամբ, սակայն իրականությունը բոլորովին հակառակն է։
Նախ, անիմաստ է մասնակցել դասականի ասած «Ցախի մեյդանի հայաթի» կռվի մակարդակին իջեցված և «ընտրություններ» անունը կրող ֆարսին։ Ուշադիր նայեք հինգ համայնքներում առաջադրված թեկնածուներին և ընտրական ցուցակները, որտեղ որևէ քաղաքական միտք և հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն չկա։
Երկրորդն էլ, որքան էլ ՏԻՄ ընտրությունները կայանան համամասնական ընտրակարգով, կրկին գործելու է տոհմացեղային ընտրության սկզբունքը, և ԲՀԿ-ն կամ որևէ այլ քաղաքական ուժ գոնե այս պահին չի կարողանալու իր հստակ քաղաքական մեսիջները հասցնել ընտրողին։ Որևէ համայնքում էլ քաղաքապետ չընտրվելու դեպքում, նույնիսկ եթե տարբեր ավագանիներում շոշափելի ներկայություն ապահովվի, հերթական անգամ հնարավորություն է տրվելու մրցակից կամ նախանձող ուժերին՝ ԲՀԿ-ի հասցեին ցեխարձակումներ իրականացնելու համար։
Ըստ էության, Հայաստանում ՏԻՄ ընտրությունները երբեք քաղաքական չեն եղել, երկրի համար ծանր վիճակում «Բարգավաճ Հայաստանը» նպատակահարմար չի համարել մտնել նման ֆարսի մեջ, ավելի գլոբալ և կարևոր մարտահրավերներ կան, որոնց դիմագրավել է հարկավոր։ Ակնհայտորեն, ԲՀԿ-ի վարկանիշը գնալով աճում է, դա են վկայում ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ուժգնացող արշավները։ Կուսակցությունը ամրապնդվում է տեղերում և Երևանում, պատրաստվում առաջիկա առավել լուրջ զարգացումներին։
Արթուր Պետրոսյան