Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
ПолитикаՀամայնքների խոշորացման վերաբերյալ օրենքը մի քանի ժամվա ընթացքում ընդունվեց. դա ԱԺ հեղինակության տեսանկյունից ծայրահեղ բացասական երևույթ է: Հիմա հանրապետության նախագահը պետք է որոշի՝ ստորագրե՞լ այդ օրենքը, թե՞ դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է: Կարծում եմ՝ այլ տարբերակ, քան հանրապետության նախագահի դիմումը ՍԴ, ուղղակի չկա: Եթե նա աչք փակի այդ ապօրինության վրա, մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ ԱԺ-ում առկա իրավական խնդիրներից մեկը, որի համար ևս դիմել են ՍԴ, վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Պատգամավորն ընդգծեց՝ Սիմոնյանից բացի ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ ևս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, քանի որ կալանավորված էին:
Պատգամավորը անդրադարձավ նաև առողջապահության նախարարի այն հրամանին, համաձայն որի՝ հանրային աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն թեստի բացասական պատասխան:
«Պատվաստումը յուրաքանչյուր անձի գիտակցված որոշումն է, թող խոսեն, պարզաբանեն՝ ինչի համար է դա անհրաժեշտ պատվաստվել, բայց չպարտադրեն: ՊՇՌ հետազոտության ծախսը թող պետությունը կատարի: Եղած սոցիալական խնդիրներով հանդերձ՝ քաղաքացիներն ինչու՞ պետք է լրացուցիչ ծախս անեն, կամ ստիպված պատվաստվեն»,- ասաց նա՝ նշելով, թե ՍԴ-ին խնդրել են կասեցնել այդ հրամանի գործողությունը: