Ինտելեկտուալ միակ թղթախաղը, որը պաշտոնապես դարձել է օլիմպիական մարզաձև․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Բրիջը համարվում է ինտելեկտուալ թղթախաղ: Բրիջ խաղում են զույգերով կամ թիմերով, խաղի համար օգտագործվում է 52 խաղաքարտով դասուկ. քարտերը հավասարապես բաշխվում են խաղի բոլոր մասնակիցների միջև: Ավանդաբար խաղացողներին տրվում են աշխարհի կողմերի անուններ՝ Արևմուտք-Արևելք զույգը հակադրվում է Հյուսիս-Հարավ զույգին: Խաղում են հերթով՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ: Ենթադրվում է, որ բրիջը Անգլիա է եկել Հնդկաստանից կամ Մերձավոր Արևելքից: Որոշ պատմաբաններ հակված են խաղի ծագման «ռուսական» վարկածին:
Կան հիշատակումներ, որ բրիջի նման խաղ Ռուսաստանում գոյություն է ունեցել 19-րդ դարի սկզբին: Դա եղել է «բիրիչ» խաղը («բիրիչ»՝ ազդարար) կամ «ռուսական վիստը»: 19-րդ դարի վերջին վիստը տարածվել է դեպի Կահիրե, Բալկաններ և Ֆրանսիայի հարավային ափեր և այնտեղից արդեն հասել Անգլիա «Բիրիտչ կամ ռուսական վիստ» անունով: Բրիջի զարգացումը և մասսայականացումը կարելի է ներկայացնել հետևյալ իրադարձությունների հաջորդականությամբ.
-1894 թվականին թղթախաղերի կանոններ գրելով Լոնդոնի հայտնի «Պորտլենդ» ակումբը հրապարակել է բրիջ խաղի կանոնները և նման կերպ նախաձեռնել է խաղի պաշտոնական ծնունդը: Մեկ տարվա ընթացքում բրիջը տարածվել է ամբողջ Եվրոպայում և Ամերիկայում:
- 1903 թվականին իռլանդացի հայտնի տեսաբան Օսվալդ Քրոուֆորդը խաղի նոր տարբերակ է մշակել, որտեղ զույգերը իրավունք են ստացել պայքարել «մաստի» ընտրության համար: Այդ փոփոխությունը կոչվել է բրիջ-աճուրդ: Քրոուֆորդի նորամուծությունները մեծ ոգևորությամբ են ընդունվել: Խաղն սկսել է տարածվել Եվրոպայից և Ամերիկայից դուրս:
- 1917 - 1920 թվականներին Ֆրանսիայում հայտնվել է բրիջ- պլաֆոնդը, իսկ Ամերիկայում՝ բրիջ-կոնտակտը, որը Հարոլդ Ստերլինգ Վանդերբիլթի շնորհիվ դարձել է ժամանակակից բրիջի նախորդը:
- 1926 թվականին հայտնի միլիոնատեր Հարոլդ Վանդերբիլտը, Հյուսիսային Ամերիկայում ճանապարհորդելիս ազատ ժամանակն անցկացնելով ֆրանսիական բրիջ խաղալով, առաջարկել է միավորների հաշվարկի բոլորովին այլ կանոններ: Այսպիսով, հայտնվել է բրիջ-կոնտակտի առավել ժամանակակից տարբերակը, որը կարճ ժամանակահատվածում ստվերել է խաղի այն բոլոր տարբերակները, որոնք գոյություն ունեին մինչ այդ:
- 1932 թվականին Վանդերբիլթի գաղափարները ճանաչվել և ընդգրկվել են բրիջի առաջին միջազգային օրենսգրքում: Նույն թվականին հայտնվել է Բրիջի միջազգային լիգան, որն սկսել է ամեն տարի անցկացնել Եվրոպայի առաջնություն:
- 1947 թվականին ստեղծվել է Բրիջի եվրոպական լիգան (EBL):
- 1958 թվականին ստեղծվել է Բրիջի համաշխարհային ֆեդերացիան (WBF):
Այսօր Բրիջի եվրոպական լիգան ընդգրկում է շուրջ 30 երկիր, իսկ Բրիջի համաշխարհային ֆեդերացիան միավորում է ավելի քան 100 ազգային ֆեդերացիա` ներառյալ Մերձավոր Արևել քը, Աֆրիկան և Չինաստանը: Պաշտոնական տվյալների համաձայն, մոլորակի ավելի քան 200 միլիոն մարդ բրիջ է խաղում: Ռոնալդ Ռեյգանը, Սոմերսեթ Մոեմը, Դուայթ Էյզենհաուերը, Ուորեն Բաֆեթը, Օմար Շերիֆը, Մահաթմա Գանդին և շատ այլ հայտնի անձնավորություններ սիրել են բրիջ խաղալ: Բրիջը քարոզվում է ամբողջ աշխարհում և ընդգրկվում է ուսումնական ծրագրերում: Դա պարտադիր կարգ է Եվրոպայում, ՆԱՏՕ-ի երկրների ակադեմիաներում և ուսումնական հաստատություններում: Սպորտային բրիջը միակ ինտելեկտուալ թղթախաղն է, որը 1999 թվականին պաշտոնապես դարձել է օլիմպիական մարզաձև:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում