Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»
Քաղաքական
«Փաստ» օրաթերթը գրում է
Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր դուրս չէր գալիս: Դե, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի հանրային արձագանք են ունենում ու կարող են ունենալ նրա ուղիղ եթերները։ Բայց վերջերս հանկարծ ու Փաշինյանը նորից փորձեց ցույց տալ, թե իբր ինքը չի կտրվել հանրությունից։ Լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիսներ հրավիրեց, անգամ որոշ առիթներով ուղիղ եթեր սկսեց դուրս գալ: Ճիշտ է, շատերն ամեն անգամ, երբ նա ասուլիս է տալիս կամ ուղիղ եթեր է գալիս, ոչ անհիմն անհանգստություններ են ունենում, թե ինչ նոր փորձանք է սպասվում Արցախին ու երկրին, բայց...
Ուշագրավ է հատկապես, որ, առկա իրավիճակի ամբողջ ողբերգականությամբ հանդերձ, Փաշինյանը փորձում է իբր ինչ-որ դրական ուղերձներ հաղորդել հանրությանը՝ դրանով մարդկանց ուշադրությունը շեղելով անվտանգային առումով Հայաստանի խոցելիությունից։ Այս տրամաբանության շրջանակներում էլ օրերս Վահագնի թաղամասի Պռոշյան բնակավայրի և Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող մի տարածքից Փաշինյանը ուղիղ եթեր դուրս եկավ՝ «ավետելով», որ այդ տարածքում է կառուցվելու «երազանքների» ակադեմիական քաղաքը։ Առաջին հայացքից գաղափարը կարող է լավը թվալ: Ավելին, հնարավոր է, որ այն իսկապես վատը չէ: Սոսկ որպես գաղափար: Սակայն այստեղ էլ ավարտվում է ամբողջ դրականը, և սկսվում է «բայցերի» շարքը:
Առաջին հերթին պարտավոր ենք արձանագրել, որ Փաշինյանի իշխանության պարագայում նույնիսկ ամենադրական, ամենագովելի գաղափարները աղճատվում են ու ոչ միայն իրենց նպատակին չեն ծառայում, այլև ավելի շատ վնասակար են դառնում։ Իհարկե, արդյունավետ կլիներ, որ բուհերի ապակենտրոնացում տեղի ունենար, սակայն բոլոր պետական բուհերի միավորումն ընդամենը 8 բուհի շրջանակներում ու դրանց՝ մի վայր տեղափոխելը ոչ միայն կրթական համակարգում առկա մրցակցությունն ու բալանսն է խախտում, այլև պայմաններ է ստեղծում, որպեսզի տարիներով ձեռք բերված կրթական պրակտիկան ու ավանդույթներն ուղղակի վերացվեն, ու ամեն ինչ սկսվի զրոյից։
Մյուս կողմից էլ՝ իշխանությունները որոշել են ՀՀ ԳԱԱ-ն կրճատել, ինչը նշանակում է, որ ոչ միայն բուհերի օպտիմալացում են կատարելու, այլև գիտությունը և գիտությամբ զբաղվող ինստիտուտները ևս ցրելու են 8 բուհերի վրա, իսկ սա նշանակում է, որ գիտության ոլորտում մասնագիտացված կառույցներն ուղղակի ոչնչացվելու են ու կենտրոնացվելու են մի վայրում։ Իհարկե, ոչ ոք չի հերքում, որ մասնակի օպտիմալացման կարիք կա, բայց, միևնույն ժամանակ, գիտության և կրթության ոլորտը նաև ընդլայնման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով ժամանակակից պայմաններն ու նորարարական ուղղությունները։ Նաև՝ կացնի հարվածով գլխացավ բուժելը երբեք էլ լուծում չի եղել:
Փաշինյանն իր ուղիղ եթերում խոսում է նաև ինքնության անվտանգությունից, սակայն հասկանալի պատճառներով չի նշում, որ հենց իրենք են թիրախավորել ազգային ինքնությունը՝ նվազեցնելով հայկական արժեհամակարգի հիմնասյուների նշանակությունը, իսկ դրա փոխարեն ներդնելով կեղծ արժեքներ։ Մյուս կողմից էլ՝ այս իշխանությունների կադրային քաղաքականությունը և, ընդհանրապես, վարած քաղաքական գիծը ցույց է տալիս, որ կրթության ու գիտության նշանակությունն իրենց համար միայն դեկլարատիվ բնույթ է կրում։ Դրա համար էլ ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ և միայն սպասարկու մարդիկ կարող են նշանակվել ամենակարևոր պաշտոններում, իսկ համեմատաբար փորձ ու գիտելիք ունեցող կադրերը հայտնվում են ստվերում և չեն զբաղվում այն գործով, որով պետք է զբաղվեին։
Ու կրթության և գիտության արժեզրկման ֆոնին հասարակական ու քաղաքական դաշտում գերիշխող է դառնում հայհոյախոսությունն ու գռեհկաբանությունը, որը գալիս է նաև ամենաբարձր պաշտոնյաների խոսույթից ու բառապաշարից։ Այսպիսով, կարելի է պատկերացնել, թե իշխանությունների երազած ակադեմիական քաղաքը ինչ արժեքների վրա է հիմնվելու։ Ու հատկանշական է, որ իր ուղիղ եթերի վերջում Փաշինյանը նշում է, թե ապրում է այդ ծրագրով։ Դե, բա հո զոհված զինվորների ընտանիքների ցավո՞վ չէր ապրելու, հո իր իսկ պարտությա՞մբ չէր ապրելու, հո երկրի անվտանգությա՞մբ չէր ապրելու։ Պարզ է, չէ՞, միայն փիառ ապահովող ծրագրով է ապրելու, որն էլ, միայն Աստված գիտի, իրականություն կդառնա, թե ոչ, քանի որ նախնական տեսքով ակադեմիական քաղաքը նախատեսված է ստեղծել մինչև 2030 թվականը։
Այսինքն, այնպիսի մի ժամկետ, երբ իրենք վստահաբար իշխանության չեն լինելու: Բացի այդ, ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկից 100 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ոչ միայն այսօր գործող բուհերի շենքերն են օտարելու, այլև վարկային բեռ է ավելացվելու պետության ուսերին։ Այսինքն, հարկատուների վճարելիք հարկերի հաշվին իշխանությունները փորձում են հանրությանը ցույց տալ, թե ֆանտաստիկ ծրագիր են իրականացնում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում