«Բարի օր 2». Տաքսիստ Հենդոն վերադարձել է նոր փորձություններով
Lifestyle
Փետրվարի 6-ին «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան: Տաքսիստ Հենդոն կրկին հայտնվում է իրադարձությունների կիզակետում, բայց այս անգամ՝ ճշմարտության կտրուկ և անսպասելի փորձությունների մեջ։ Եթե առաջին ֆիլմում նա ապրում էր ժամանակային փակ օղակում, ապա հիմա՝ դառնում է սեփական երազանքի գերին:
Ֆիլմի ստեղծագործական կազմը մնացել է նույնը․ ռեժիսորներն Արման Սարգսյանն ու Գրիգոր Գասպարյանն են, սցենարիստները՝ Գառնիկ Մակվեցյանն ու Վան Գրիգորյանը։ Ռեժիսորները նշել են, որ այս անգամ չեն ոգեշնչվել որևէ ֆիլմից և փորձել են առավել անկեղծ հայելի դառնալ հայ հասարակության համար։
«Ֆիլմը մեր կյանքի հայելին է․ այն միշտ չէ, որ գեղեցիկն է ցույց տալիս, բայց անկեղծ է ու պարզ»,-նշեցին ռեժիսորները։
Ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը խոստովանեց, որ երկրորդ մասի նկարահանումը ռիսկային էր, սակայն որոշումը պարզ էր. «Առաջին ֆիլմը սիրվեց․ միայն երևանյան կինոթատրոններում այն դիտել է ավելի քան 160 հազար մարդ։ Շատերն ակնհայտ շարունակություն էին սպասում»։
Այս անգամ Հենդոն երազում է, որ բոլորը միայն ճշմարտությունն ասեն իրեն, սակայն ստիպված է լինում բախվել այդ ճշմարտության հետևանքներին։ «Պարզվում է՝ ճշմարտությունը միշտ չէ, որ ցանկալի է, այն հաճախ կարող է քաոս առաջացնել»,-ասաց Մհեր Մխիթարյանը՝ Հենդոյի դերակատարը։ Նա խոստովանեց, որ իրականում չէր ցանկանա, որ բոլորը միայն ճշմարտությունն ասեին․ «Գեղեցիկ սուտն ավելի հաճելի է»:
Տաթևի դերում հանդես եկող Ռոզի Ավետիսովան ընդգծեց, որ երկրորդ ֆիլմում իր կերպարը՝ Տաթևը, վերափոխվել է․ «Նախկինում նա լսող և դժբախտ կին էր, իսկ հիմա ինքնուրույն ու կայացած կին է, որը չի վախենում արտահայտել իր կարծիքը։ Սակայն երկու տարբեր Տաթևների մեջ անփոփոխ է միայն մեկ բան՝ ընտանիքի կարևորությունը»:
Մարինկա Ալեքսանյան






