Ավստրիայում սիրիացին, «Ալլահ աքբար» բղավելով, դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ
Միջազգային
Ավստրիայի զբոսաշրջային Վիլախ քաղաքում սիրիացի երիտասարդը, «Ալլահ աքբար» բղավելով, դանակով հարձակվել է անցորդների վրա: Դրա հետևանքով զոհվել է 14-ամյա դեռահաս, 5 մարդ վիրավորվել է, հայտնում է Bild-ը:
Լրատվամիջոցների հրապարակած լուսանկարում երևում է, որ Ահմադ Գ.-ն հարձակումից հետո նստարանին նստած ժպտում է:
Ավստրիայի պետական անվտանգության ծառայությունն այս պահին հետաքննություն է իրականացնում։ Ոստիկանությունը դիտարկում է ծայրահեղական շարժառիթը, սակայն հարձակումը դեռ պաշտոնապես չի որակվել որպես ահաբեկչական գործողություն։
Ականատեսները Kleine Zeitung թերթին պատմել են, որ հարձակումը նման էր «սարսափ ֆիլմի տեսարանի»՝ «ամեն ինչ տեղի է ունեցել ակնթարթորեն: Մի մարդ դուրս է թռել մեքենայից, հետո մյուսները սկսել են փախչել»։
Հանցագործին բռնելու գործում առանձնահատուկ դեր է խաղացել մոտակայքում գտնվող առաքիչը, որը նույնպես ծագումով սիրիացի է: Նա տեսել է, թե ինչ է կատարվում և դիտավորյալ իր մեքենայով հարվածել է հարձակվողին, որպեսզի ավելի շատ զոհեր չլինեն։