Ի՞նչ կապ ունի ռեգբիի գնդակը և խոզի միզապարկը․ «Փաստ»
Lifestyle
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կա մի գնդակ, որն էապես տարբերվում է այլ մարզաձևերի գնդակներից. այն ոչ թե կլոր, այլ երկարաձգված էլիպսոիդ գնդակ է, որն օգտագործվում է ռեգբի խաղի ընթացքում։ Դրա չափերն ու քաշը սահմանվում են Ռեգբիի համաշխարհային ֆեդերացիայի և Ռեգբիի միջազգային լիգայի կողմից, որոնք այդ խաղի երկու ղեկավար մարմիններն են՝ համապատասխանաբար Ռեգբիի միությունը և Ռեգբիի լիգան:
Ռեգբիի գնդակն օվալաձև է, ունի չորս վահանակ և կշռում է մոտ 400 գրամ։ Այն հաճախ շփոթում են ամերիկյան, կանադական և ավստրալական ֆուտբոլում օգտագործվող նույն չափի գնդակների հետ:
Առաջինը Ուիլ յամ Գիլբերտն է սկսել ֆուտբոլի գնդակներ պատրաստել Ռեգբի քաղաքի դպրոցի համար 1823 թվականին, ընդ որում՝ այդ դպոցին մոտ գտնվում էր նրա կոշկակարական արհեստանոցը: Բացի այդ, նշյալ դպրոցի մոտ էր գտնվում նաև մեկ այլ կոշկակարական արհեստանոց՝ Ռիչարդ Լինդոնի արհեստանոցը, որը ևս գնդակներ էր կարում: Լինդոնը և Գիլբերտը սկսեցին պատրաստել ռեգբիի դպրոցական գնդակներ ձեռքով կարված կաշվե պատյաններից և խոզի միզապարկից, որը գնդակի ներքին փչովի տարրն էր: Ենթադրվում է, որ ռեգբիի գնդակի տարբերակիչ ձևը՝ օվալը, կապված է խոզի միզապարկի հետ, թեև վաղ գնդակները ոչ թե օվալաձև, այլ սալորաձև էին: Այն ժամանակ կարված գնդակները տարբերվում էին չափերով՝ կախված նրանից, թե որքան մեծ էր տվյալ դեպքում օգտագործված խոզի միզապարկը։
Մոտ 1862 թվականին Ռիչարդ Լինդոնը, հուսահատված լինելով խոզի միզապարկին փոխարինող գտնելու հարցում, որոշեց դրա փոխարեն օգտագործել հնդկական ռետինե պարկ: Բայց հնդկական կաուչուկից պատրաստված այդ փուչիկը չափազանց դժվար էր բերանով փչելու համար, ուստի, ոգեշնչվելով օդային ներարկիչներից, նա ստեղծեց մեծ փողային օդամղիչ պոմպ՝ իր ռեգբիի գնդակները փչելու համար: Վերջնականապես 1870 թվականին Ռիչարդ Լինդոնը ներմուծեց գնդակի ներքին՝ փչովի ռետինե մասը, և այդ ռետինի ճկունության պատճառով գնդակի ձևը աստիճանաբար գնդաձևից փոխվեց ձվաձևի: Արդեն 1880-ականներին Անգլիայում կային մի քանի «ֆուտբոլային գնդակներ» արտադրողներ, որոնք բոլորն էլ օգտագործում էին նույն տեխնոլոգիան: Հետագայում Լինդոնը նաև պնդում էր, որ ինքն է հայտնագործել ռեգբիի գնդակը և դրա բնորոշ օվալի ձևը, բայց չի արտոնագրել իր դիզայնը ո՛չ գնդակի, ո՛չ կաուչուկե փուչիկի, ո՛չ էլ պոմպի համար:
Ռեգբիի գնդակի չափը և ձևը կանոնակարգված չէին մինչև 1892 թվականը, հետո դրանք սահմանվեցին հետևյալ կերպ. երկարությունը՝ 11-ից 11,25 դյույմ, շրջագիծը՝ 30ից 31 դյույմ, քաշը՝ 12-ից 13 ունցիա, կարվում է ձեռքով նվազագույնը 8 կարով մեկ դյույմում: Սահմանվեց նաև ձվաձևությունը՝ որպես պարտադիր ձև: Գնդակի աստիճանական կատարելագործումը շարունակվեց տարիների ընթացքում։
1980-ականներին ավանդական կաշվի փոխարեն սկսեցին օգտագործվել սինթետիկ գնդակներ, որոնց օգտագործումը սկզբնապես որոշվում էր եղանակային պայմաններով: Եթե խաղային մակերեսը խոնավ էր, ապա օգտագործվում էր սինթետիկ գնդակ, քանի որ այն ջուրը չէր կլանում և չէր ծանրանում: Ժամանակի ընթացքում կաշվե գնդակները լիովին մոռացվեցին: Ներկայում պոլիէսթերն է օգտագործվում որպես ռեգբիի գնդակի հիմնական նյութ՝ գնդակի օվալաձևը պահպանելու, ինչպես նաև գնդակը բռնելու արդյունավետությունը բարելավելու համար: Գնդակը կարվում է պոլիէսթերային թելով, որը պատված է մոմով, որպեսզի այն ավելի ջրադիմացկուն լինի։
Ներկայում պրոֆեսիոնալ լիգաների մեծ մասում օգտագործվում են Adidas-ի, Gilbert-ի, Miter-ի կամ Webb Ellis-ի կողմից պատրաստված գնդակներ: Steeden ռեգբիի գնդակը, որն օգտագործվում է ռեգբիի լիգայում, փչվում է ազոտով: Մրցավարն անմիջապես դադարեցնում է խաղը, եթե գնդակը չի համապատասխանում չափի և ձևի պահանջներին։ Նախկին ավանդական շագանակագույն կաշվից պատրաստված գնդակները ներկայում սինթետիկ են և ունեն տարբեր գույներ ու նախշեր: Ընդ որում, մեծահասակների մրցումներում պետք է օգտագործել բաց գույնի գնդակներ, որպեսզի հանդիսատեսի համար ավելի հեշտ լինի տեսնել գնդակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում