«Կրթություն և կարիերա EXPO 2025». Կրթական հարթակ, որ բացում է ապագայի դռները
Հասարակություն
Ապրիլի 16- 18-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալված «Կրթություն և կարիերա EXPO 2025» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կրկին վերածվեց կրթական համայնքի հանդիպման առանցքային հարթակի։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված միջոցառումն այս տարի միավորել էր շուրջ 70 կազմակերպություն՝ ՀՀ-ից և արտերկրից։ Ներկայացված էին բուհեր, քոլեջներ, դպրոցներ, վերապատրաստման կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ, որոնք իրենց կրթական ծրագրերը և համագործակցության հնարավորությունները ներկայացնում էին այցելուներին։
Բացման արարողությանը մասնակցում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ով իր ողջույնի խոսքում ընդգծեց նման հարթակների կարևորությունը կրթական համակարգի զարգացման, մասնագիտությունների հանրայնացման և մասնագիտական կողմնորոշման գործում։
Ցուցահանդեսի մասնակիցներից էր նաև Արարատի պետական բժշկական քոլեջը, որն այս տարի հանդես էր գալիս յուրահատուկ ձևով։ Քոլեջի դեղագործության բաժնի ուսանողները ներկայացրել էին իրենց պատրաստած բուսաբանական հավաքածուները՝ լեղամուղ, հակաբորբոքային և ստամոքսային հատկություններով։ Նրանց ձեռքով պատրաստված բնական օճառները՝ նախատեսված տարբեր մաշկի տեսակների համար, նույնպես գրավել էին այցելուների ուշադրությունը։
Քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Կարինե Ստեփանյանը նշում է, որ նման EXPO-ները պարզապես ցուցահանդես չեն․ «Դրանք կամուրջներ են՝ ուսումնական հաստատությունների, աշխատաշուկայի և շահագրգիռ կողմերի միջև։ Նման հարթակներում ծավալվող կենդանի շփումները հաճախ վերածվում են իրական համագործակցության»։
Նրանց տաղավարում ակտիվ հարց ու պատասխան էր․ մասնակիցներն ու այցելու երիտասարդները ոչ միայն հետաքրքրվում էին ուսումնական գործընթացով ու ծրագրերով, այլև հնարավորություն ունեին իրենցով անել ուսանողների պատրաստած արտադրանքը։ Ինչպես նշեց քոլեջի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, այսպիսի նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն հաստատության ճանաչելիությանը, այլև ուսանողների մոտ պրակտիկ հմտությունների զարգացմանը և սեփական աշխատանքի հանդեպ վստահության բարձրացմանը։
«Կրթություն և կարիերա EXPO 2025»-ը այս տարի ևս ապացուցեց, որ կրթության և աշխատանքի միջև եղած ճանապարհը կարող է կրճատվել, երբ կան ճիշտ ուղղորդում, նախաձեռնողություն ու իրական դրսևորման հնարավորություն։
Հաջորդ կանգառը՝ ապագա մասնագիտությունն է։
ՆԱՏԱԼԻ ՄԻՆԱՍՅՆԱՆ





