Սամվել Կարապետյանի տան բակից տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից
Հարցազրույց
Հունիսի 17-ին ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի տան բակից տուգանային հրապարակ տարված մեքենաները մինչ այսօր չեն վերադարձվել իրենց տերերին։
Հիշեցնենք, որ հենց այդ օրն էր համացանցում հայտնվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարությունը և հենց այդ ժամանակ էր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնալիքներ հնչեցրել, որից հետո էլ Կարապետյանի տանն իրավապահները խուզարկություն էին իրականացրել։
Այս ամենի ֆոնին հարյուրավոր քաղաքացիներ գնացել էին Կարապետյանի՝ Ուլնեցի փողոցի վրա գտնվող տան բակ՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան։ Այս ընթացքում մոտ երկու տասնյակ մեքենա տարվել էր տուգանային հրապարակ, բայց թե ինչ հիմքով, մինչ այս պահն էլ հայտնի չէ։ Այս ամենից հետո քաղաքացիները սկսեցին ահազանգել, որ ոստիկաններն իրենց ամենօրյա հացի աղբյուրից զրկել են իրենց, և դեռ պարզ չէ՝ երբ են պատրաստվում վերադարձնել։
Նշենք, որ այդ բողոքներից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սկսեց զբաղվել այս հարցով, սակայն իրեն պաշտոնական որևէ պատասխան չեն տալիս։ Ուրբաթ օրվանից նա փորձում է կապ հաստատել փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հետ, սակայն նա պատգամավորի զանգերն անպատասխան է թողնում։
«Հիմա էլ այդ հարցով եմ զբաղված, փորձում եմ որևէ կերպ կապվել իրավասու մարմնի հետ, որպեսզի հասկանամ՝ ինչ հիմքով են տարել մեքենաները և երբ են վերադարձնելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այդ օրերին տուգանային հրապարակ են տարվել նաև մարզերում շահագործվող մեքենաները։ Բոլոր այն մարդիկ, որոնք ըստ իրավապահների, կարող էին գալ և աջակցել Սամվել Կարապետյանին, զրկվել են իրենց մեքենաներից։