Իտալիան առաջիններից մեկը կվերականգնի հարաբերություններն Իրանի հետ
ՄիջազգայինԲազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Իտալիան, խիստ շահագրգռված կլինեն Իրանի հետ համագործակցելու հարցում այն բանից հետո, երբ չեղյալ հայտարարվեն այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հյուսիսգերմանական Լյուբեկ քաղաքում G7-ի երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) արտաքին գործերի նախարարների հանդիպման ավարտից հետո հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին:
«Իրանը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների համար, եւ Իտալիան առաջիններից մեկը կլինի Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունները վերականգնողների թվում»,- ընդգծել է նախարարը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների չեղարկումից հետո «մրցում կսկսվի Թեհրանի հետ արտոնյալ հարաբերություններ հաստատելու համար», եւ դա «միանգամայն բնական է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: