Իրաքում ԻՊ-ի մոտ 100 ահաբեկիչ է ոչնչացվել
Միջազգային«Իսլամական պետության» շուրջ հարյուր ահաբեկիչ են սպանվել իրաքյան ցամաքային և օդային ուժերի իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ: Ռազմական գործողություններն իրականացվել են Անբարի, Սալահ ադ Դինի և Բաղդադի նահանգներում: Այս մասին հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սպանված ահաբեկիչների թիվը կազմում է 94 մարդ, որոնցից ավելի քան 60-ը սպանվել են Բաղդադի նահանգում: Բացի տասնյակ ահաբեկիչներ ոչնչացնելուց, իրաքյան ուժերը վնասազերծել են մեծ թվով պայթուցիկ սարքավորումներ:
Ավելի վաղ իրաքյան աղբյուրները տեղեկացրել էին, որ Իրաքի Նինվեի մարզում 41 առևանգված եզդիներ փախուստի են դիմել «Իսլամական պետության» գերությունից և հասել Ջաբալ Սինջար: Առևանգվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Անվտանգության համակարգի ներկայացուցիչ Կասիմ Սինուն նշել է, որ 24 երեխա և տասը կին, ինչպես նաև յոթ տղամարդ կարողացել են փախուստի դիմել կեսգիշերին և առավոտյան հասնել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջաբալ Սինջար:
ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: