Էրդողանի կուսակցությանը կրոնից շատ փողն է հետաքրքրում. Նոբելյան մրցանակակիր
ՄիջազգայինՆոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը հայտարարել է, որ ներկայում Թուրքիայի բարձրագույն ղեկավարության շարքերում պաշտոններ զբաղեցնող իսլամականներն ավելի շատ հետաքրքրված են փողի, քան կրոնի մեջ: Այս մասին Փամուքը հայտարարել է գերմանական Die Zeit շաբաթաթեթրին տված հարցազրույցում:
«Թուրքիայի իսլամականները հիմնականում ծագումով հասարակության ներքին շերտերից են: Դրանք նախկին չարացած գյուղաբնակներն են, որոնք մոռացել են, թե ինչ էր տեղի ունենում իրենց հետ այն ծանր ժամանակներում: 12-13 տարի հետո նրանք դարձան պետական կադրեր: Այժմ նրանք ունեն իրենց ձեռքերը յուրաքանչյուր հաստատությունում, եւ իրենք են ներկայացնում կենտրոնացված իշխանությունը: Նրանք ավելի շատ հետաքրքրված են փողի, քան կրոնի մեջ: Նրանք իրենց հռետորաբանության մեջ ընդամենը քողարկվում են իսլամով», -ասել է նա:
Փամուքն ընդգծել է, որ քաղաքական իսլամը, որը որոշակի հմայք ուներ 1990-ական թվականներին եւ գրավում էր անգամ մարքսիստների եւ կոմունիստների ուշադրությունը, կոռուպցիայի պատճառով կորցրել է իր նախկին կերպարը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցվել էր հանրապետության պատմության մեջ «Մեծ կաշառք» անունը ստացած խոշորագույն կոռուպցիոն սկանդալով: Սկանդալում հայտնվել էին չորս նախարարներ եւ նրանց որդիները, Թուրքիայի վարչապետ, այժմ նախագահ Թայիփ Էրդողանի որդին, դուստրը եւ փեսան, բազմաթիվ չինովնիկներ եւ իշխանությունների մոտ կանգնած բարձր մակարդակի բիզնեսմեններ: Կոռուպցիոն սխեմային ենթադրվող մասնակիցները հարյուր միլիարդավոր դոլարների հասնող ֆինանսական մեքենայություններ են կատարել:
Դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:
Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: