ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի որոշումը Անկարա չի ուղարկել
ՄիջազգայինԵվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը ապրիլի 30-ին հետ է ուղարկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված Եվրոխորհրդարանի ապրիլի 15-ին ընդունած որոշումը, որը ապրիլի 29-ին ներակայացուցչությանն էր ուղարկվել Անկարա փոխանցելու համար: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Բրյուսելում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը Եվրոխորհրդարանին հղած նամակում նշել է, որ «չի ընդունում որոշման մեջ արված առաջարկները»:
Որոշման մեջ Եվրոխորհրդարանն Անկարային կոչ էր արել առերեսվել սեփական պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ 2009 թվականին ստորագրված արձանագրությունները, կյանքի կոչել դրանք եւ, բացելով հայ-թուրքական սահմանը, առաջընթաց ապահովել երկու երկրներիր միջեւ հարաբերությունների բարելավման համար:
Թուրքական «Հուրիեթ»-ն այդ առնչությամբ հավելել է, որ վերջին շրջանում Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ ընդունված գրեթե բոլոր որոշումները Բրյուսելի թուրքական ներկայացուցչությունից հետ են ուղարկվել` առանց փոխանցելու Անկարա: Թերթը Թուրքիայի համար անընդունելի որոշումների հետ ուղարկելը խորհրդանշական բնույթի արձագանք է համարել` նշելով, որ չի կարելի ասել, որ այդ քայլը որեւէ ազդեցություն կունենա Եվրոխորհրդարանի վրա: