Լեհաստանում անկարգություններ են՝ ոստիկանի կողմից ֆուտբոլային երկրպագուի սպանությունից հետո
ՄիջազգայինԼեհական Կնուրուվե քաղաքում մոտ 200 մարդ անկարգություններ է կազմակերպել այն բանից հետո, երբ ոստիկանը կրակել է ֆուտբոլային երկրպագուին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Դեպքը տեղի է ունեցել «Կոնկորդիա» և «Ռուխ» տեղի թիմերի շաբաթօրյա ֆուտբոլային խաղի ժամանակ: Առաջին խաղակեսի ժամանակ երկրպագուները սկսել են խաղադաշտ նետել ճայթռուկներ և քարեր: Դատավորը ստիպված է եղել խաղը 35-րդ րոպեով դադարեցնել: Դրանից հետո երկրպագուները խաղադաշտ են վազել: Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել, այդ թվում նաև կրակ բացել: Երկրպագուներից մեկը վիրավորվել է պարանոցից և հոսպիտալացվել, իսկ մի քանի ժամ անց նա մահացել է հիվանդանոցում:
27-ամյա երկրպագուի մահից հետո մի քանի հարյուր մարդ հավաքվել է Կնուրուվեի հիվանդանոցի և ոստիկանական տեղամասի մոտ, և սկսվել են ոստիկանության հետ բախումները: Ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով՝ հավաքվածներից ոմանց մոտ եղել են Մոլոտովի կոկտեյլներ: Բախումների ընթացքում, տարբեր գնահատականներով, տուժել են 3 կամ 4 ոստիկաններ: