Սաուդյան Արաբիան շարունակում է Եմենի տարբեր շրջանների ռմբակոծությունը
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի գլխավորությամբ Եմենում արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով Իբ մարզի Սադդա քաղաքում տասնյակ զոհեր ու վիրավորներ են գրանցվել, որոնց թվում կանայք ու երեխաներ կան:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, մինչև լուսաբաց շարունակվել են թեժ բախումները Մուքալլա, Կալաուա, Դարա Սաադ շրջաններում:
Սաուդական օդանավերը շարունակում են ռմբակոծել Ադենի նահանգը: Եմենի տեղեկատվական աղբյուրները հաստատում են, որ սաուդական օդանավերը վերջին մի քանի ժամերին ավելի քան 30 օդային հարված են հասցրել Ադենի միջազգային օդանավակայանին: Բացի դրանից, օդային հարվածների են ենթարկվել Ադեն քաղաքի տարբեր շրջաններ: Ադենի օդանավակայանի մերձակայքում շարունակվում են բախումները շիաների ու նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցների միջև: Շիաների խոսքով՝ նախագահի կողմնակիցներին արաբական այլ պետություններից օգնության են հասել մոտ 50 անձինք:
Ռմբակոծվել է նաև ալ Հադիդա միջազգային օդանավակայանը, որը գտնվում է երկրի արևմուտքում: Թաազ քաղաքի շուկաներից մեկում մահապարտ-ահաբեկիչ է ինքնահրկիզվել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել: